Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարարը քննարկում են ունեցել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարարը քննարկում են ունեցել

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Չեռնոգորիայի՝ Երոպական միությանը անդամակցության գործընթացին առնչվող հարցեր՝ մասնավորապես, անդամակցության շուրջ բանակցությունների, ԵՄ օրենսդրության ներդաշնակեցման, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցման, այդ ճանապարհին առկա դժվարությունների և դրանց հաղթահարման ընթացակարգերի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարևորել է չեռնոգորական փորձի ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով դեռևս 2012 թվականից մեկնարկած անդամակցության շուրջ բանակցություններում Չեռնոգորիայի կողմից արձանագրված առաջընթացը, միաժամանակ նկատելով, որ նման ճանաչողական այցերն ու գործընկեր պետությունների լավագույն փորձի ուսումնասիրությունն առանցքային են Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների առավել մերձեցման համատեքստում: Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում վերջին ժամանակահատվածում գրանցված էական առաջընթացը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու արդյունավետ համագործակցությունը եվրաինտեգրման համատեքստում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում