Ընթերցողներին ներկայացվեց սփյուռքահայ գրող Կիրակոս Գույումճյանի «Յուշագրական պատառիկներ» գիրքը
2 րոպեի ընթերցում

Սփյուռքահայ գրող, հրապարակախոս Կիրակոս Գույումճյանը (Քուվեյթ) հուլիսի 21-ին Երևանում ընթերցողների դատին հանձնեց «Յուշագրական պատառիկներ» գիրքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհանդեսին տեսաշարի միջոցով լուսանկարներ ցուցադրվեցին գրքից, որոնք ներկայացնում էին Կիրակոս Գույումճյանի ստեղծագործական ու բարեգործական գործունեությունը սփյուռքում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։
Արձակագիր Պերճուհի Ավետյանը ներկայացրեց գիրքը՝ արժևորելով այն ոչ միայն որպես հուշագրություն, այլև սփյուռքահայ գրողի անդրադարձ համահայկական հարցերին: Անի Թորանյանն ընթերցեց «Հայուն թուքը» պատումը Կիրակոս Գույումճյանի գրքից: Բանաստեղծ Տիգրան Գաբոյանը խոսեց Կիրակոս Գույումճյանի գրական, հասարակական ու բարեգործական գործունեության մասին:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում անդրադարձավ Գույումճյանի ստեղծագործական գործունեությանը, նրա՝ նախկինում տպագրված գրքերին, ինչպես նաև «Յուշագրական պատառիկներ»-ին՝ գնահատելով հեղինակին՝ որպես սփյուռքահայ գրողի ու հրապարակախոսի:
Տեսաերիզի միջոցով իրենց սրտի խոսքն ասացին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հայագիտական կենտրոնի տեսուչ, հրապարակագիր Ահարոն Շխրտըմյանը (Բեյրութ) «Ազդակ» օրաթերթի խմբագիր, հրապարակագիր Շահան Գանտահարյանը (Բեյրութ), «Գանձասար» օրաթերթի խմբագիր Զարմիկ Պօղիկյանը (Հալեպ):
Երաժշտական կատարումներով հանդես եկան Սոֆի Ստեփանյանն ու Արամ Խաչատուրյանը: Ելույթ ունեցավ նաև «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Քոչունյանը: Ելույթ ունեցողները մեծապես գնահատեցին Կիրակոս Գույումճյանի գրական, հասարակական ու բարեգործական գործունեությունը: Կիրակոս Գույումճյանը շնորհակալություն հայտնեց իր գրքի, ինչպես նաև գործունեության գնահատանքի մասին հնչած ելույթների համար: Այնուհետև տեղի ունեցավ գրքի գինեձոնի արարողություն և հեղինակն իր գրքերից նվիրեց ներկաներին: