Թանգարանները կարող են մշակութային դիվանագիտությունը պաշտոնական մակարդակից բարձրացնել մարդակենտրոն մակարդակի. Մոհամմադ Ասադի Մոհավեդ
8 րոպեի ընթերցում

Թանգարանները մշակութային դիվանագիտության հիմնական գործիքներից են, որոնք արվեստի և պատմության լեզվի միջոցով գերազանցում են աշխարհագրական սահմանները և հնարավոր դարձնում ազգերի միջև երկխոսությունը։ Այս համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կենտրոնը Հայաստանում լիովին պատրաստ է համագործակցել հայկական թանգարանների, ակադեմիական հաստատությունների և մշակութային մարմինների հետ տարբեր ոլորտներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այդ կարծիքը ԳԱԱ-ում կայացած «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսում հայտնեց ՀՀ-ում Իրանի դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը։
Նրա տեղեկացմամբ՝ հատկապես այս տարի Թանգարանների միջազգային խորհուրդն ընտրել է մտածված և հեռանկարային թեմա՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։ Այս կարգախոսն ընդգծում է թանգարանների գործառույթի, դերի և կառուցվածքի վերանայման անհրաժեշտությունը՝ սոցիալական, տեխնոլոգիական և մշակութային փոխակերպումների պայմաններում։ Սա պարզապես ուղերձ չէ, այլ հրավեր՝ վերաիմաստավորելու թանգարանների դերը որպես ակտիվ հաստատություններ՝ մշակութային երկխոսության, ինքնության կառուցման, կայուն զարգացման և միջազգային փոխգործակցության խթանման գործում։
«Իրանում, ինչպես շատ հին քաղաքակրթություններում, թանգարանները պարզապես պատմական առարկաներ և իրեր պահելու վայրեր չեն։ Դրանք ազգերի կենդանի հիշողությունն են։ Չնայած թանգարանային արտեֆակտները կարող են անշունչ թվալ՝ իրականում դրանք կրում են անցյալ սերունդների կյանքի, մտքի, հավատքի և ստեղծագործության ուղերձներ։ Այս արտեֆակտները օգնում են ժամանակակից հասարակությանը ավելի լավ հասկանալ իր մշակութային ինքնությունը, դիմադրել գլոբալիզացիայի սպառնալիքներին և պատկերացնել իմաստալից ապագա՝ հիմնված իր պատմական արմատների վրա»,-ասաց Մոհամմադ Ասադի Մովահեդը։
Նրա դիտարկմամբ՝ թանգարաններն ազգերի մշակութային ինքնության պահապաններն են, կենդանի հաստատություններ, որոնք կամուրջ են դարձնում անցյալն ու ապագան։ Նրանք պատմությունը ներկայացնում են առարկաների և արվեստի գործերի միջոցով՝ պատմելով քաղաքակրթությունների շքեղության, սերունդների հավատքի, ժողովրդի արվեստի և նախնիների իմաստության մասին։
«Իրանում ազգային ինքնության տարրերը, ինչպիսիք են պարսկերենը, իսլամական ժառանգությունը, ծեսերը, առասպելները և ավանդական արվեստները, ներկայացված են թանգարաններում պահպանվող արտեֆակտների միջոցով։ Թանգարանները ծառայում են որպես պատմական իմաստության փոխանցողներ: Թանգարանային տարածքներում մարմնավորված են սովորույթներ, ծեսեր, արվեստներ, գրեր, ճարտարապետություն և նույնիսկ տարբեր էթնիկ խմբերի կենսակերպ: Թանգարանները հիմնարար դեր են խաղում մշակութային ինքնության պահպանման, կոլեկտիվ գիտակցության ամրապնդման և մշակութային օտարացման դեմ պայքարի գործում»,- նշեց Մոհամմադ Ասադի Մովահեդը:
Նա հավելեց, որ ավելի քան 700 պաշտոնական թանգարաններով Իրանի Իսլամական Հանրապետությունն այն երկրներից է, որն ունի թանգարանների ամենատարբեր տեսակներ, թեմաներ և գործառույթներ՝ ազգային խոշոր թանգարաններից մինչև տարածաշրջանային թանգարաններ, հնագիտության և արվեստի թանգարաններից մինչև Ղուրանին, ազգագրությանը, գիտությանը, գորգերին և Սրբազան պաշտպանությանը նվիրված թանգարաններ, հետևաբար Իրանը կարելի է իրավացիորեն անվանել կենդանի թանգարանների երկիր:
Որոշ նշանակալի օրինակներից են Իրանի ազգային թանգարանը, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը, Մաշհադի Աստան Քուդս Ռազավի թանգարանը, իսլամական դարաշրջանի թանգարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված Գոլեստանի պալատական համալիրը, Սրբազան պաշտպանության թանգարանը, Իրանի գորգերի թանգարանը և տարածաշրջանային թանգարաններ, ինչպիսին է Համադանի Հեգմաթանեհ թանգարանը։
Թեհրանի իսլամական դարաշրջանի թանգարանն իր հերթին ներառում է իսլամական արտեֆակտների ամենաընդգրկուն հավաքածուն՝ իսլամի վաղ դարերից մինչև ղաջարների ժամանակաշրջանը։ Դրա ճարտարապետությունը արտացոլում է իսլամական արվեստի ոգին՝ առաջարկելով իրանական կրոնական և ժողովրդական գեղարվեստական ավանդույթների խորը փորձառություն: Հեգմաթանեհ թանգարանն էլ, որը գտնվում է աշխարհի ամենահին քաղաքներից մեկում, ներկա սերնդին կապում է վաղ իրանական դինաստիաների հետ՝ մարական, աքեմենյան և պարթևական ժամանակաշրջանների մասունքների միջոցով:
«Այսօր թանգարանները միայն մշակութային հաստատություններ չեն. դրանք հասարակության մեջ ձեռներեցության, կրթության և կայուն զարգացման շարժիչ ուժեր են։ Մշակութային տուրիզմի, բովանդակության ստեղծման, միջոցառումների կազմակերպման, ձեռագործ աշխատանքների վաճառքի և գեղարվեստական կրթության միջոցով թանգարանները կարող են նպաստել տեղական տնտեսությանը և աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց Մոհամմադ Ասադի Մովահեդը։
Միջազգային վիճակագրության համաձայն՝ համաշխարհային զբոսաշրջիկների ավելի քան 40%-ը մոտիվացված է մշակութային հետաքրքրություններով։ Սա ընդգծում է թանգարանների ներուժը, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին է Իրանը, որն ունի հարուստ պատմական և մշակութային բազմազանություն, զբոսաշրջիկներ գրավելու, մշակութային փոխանակումը խթանելու և դրական ազգային կերպար ստեղծելու գործում։ Թանգարանների, կրթության և ձեռներեցության համադրությունը մշակութային ոլորտում կայուն զարգացման նոր ուղի է ստեղծում, որն ակտիվորեն հետապնդում են շատ երկրներ, այդ թվում՝ Իրանը։
Իրանի դեսպանատան մշակութային կցորդի կարծիքով՝ համագործակցությունը կարող է ներառել համատեղ ցուցահանդեսների կազմակերպում, արտեֆակտների փոխանակում, վերականգնման մասնագետների ուղարկում, վիրտուալ շրջագայությունների ստեղծում և թանգարանային բովանդակության թարգմանություն կամ փոխանակում: Ըստ նրա՝ թանգարանները, երկխոսության և համագործակցության միջոցով կարող են մշակութային դիվանագիտությունը պաշտոնական մակարդակից բարձրացնել ավելի մարդակենտրոն և մասնակցային մակարդակի:
«Թանգարանները պարզապես պատմական արտեֆակտների պահապաններ չեն. դրանք ազգերի ոգու, հիշողության և ինքնության պահապաններն են։ Դրանք պետք է հարմարվեն ժամանակակից հասարակությունների արագ փոփոխություններին և դառնան կրթության, իրազեկության, փոխազդեցության և զարգացման կենտրոններ։ Հուսով եմ, որ այս համաժողովը կծառայի որպես հարթակ երկրների միջև մշակութային, գիտական և գործնական համագործակցության ընդլայնման համար, մասնավորապես՝ Իրանի և Հայաստանի միջև, որոնք ունեն երկարատև պատմական և մշակութային կապեր»,- եզրափակեց Մոհամմադ Ասադի Մովահեդը։