Մշակույթ

«Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համատեսքտում մշակութային կապերն ունեն առանձնահատուկ նշանակություն․ ԳԱԱ-ում կայացավ միջազգային կոնֆերանս

4 րոպեի ընթերցում

«Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համատեսքտում մշակութային կապերն ունեն առանձնահատուկ նշանակություն․ ԳԱԱ-ում կայացավ միջազգային կոնֆերանս

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կայացավ «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսը, որի նպատակն է թանգարանային ոլորտում խթանել նորարարությունը և համագործակցությունը։ 

Կոնֆերանսին մասնակցեցին Հայաստանի, Չինաստանի, Վրաստանի թանգարանների, Իրանի Մշակույթի կենտրոնի, Չինաստանի մշակույթի ժառանգության ազգային բյուրոյի, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների մասնագիտական և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, փորձագետներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանն իր ելույթում նշեց, որ մշակութային ժառանգության պահապաններն այսօր միավորվել են մեկ հարթակում՝ վերաիմաստավորելու և զարգացնելու թանգարանների դերն արագ փոփոխվող աշխարհում։

«Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել մշակութային ժառանգության պահպանությանը և, հատկապես տվյալ համատեքստում, միջազգային համագործակցությանը։ Մենք հավատում ենք, որ երկխոսության, գիտելիքների փոխանակման և փոխադարձ հարգանքի միջոցով կարող ենք ամրապնդել թանգարանային համայնքը և նորովի ներկայացնել մեր պատմությունները։ Այս համաժողովը միավորում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների առաջատար հաստատությունների ներկայացուցիչներին, որոնց ներկայությունն այստեղ վկայում է այն կարևոր ճշմարտությունը, որ մշակույթը չի ճանաչում սահմաններ»,-ասաց Պողոսյանը։

Նա հավելեց, որ թանգարանները՝ որպես կրթության, երկխոսության և հիշողության հարթակներ, առավել քան երբևէ կարևոր դեր ու նշանակություն ունեն մարդկանց ու հասարակությունների կյանքում կարևորելու իրենց անցյալը, արժևորելու, ինչպես նաև հասկանալու իրենց ներկան ու ապագան։ 

«Քննարկումները՝ լինեն թվային փոխանակման, կայունության, թե ավանդույթի ու նորարարության համատեքստում, կարևորագույն հանգամանքները հավասարակշռելու մեխանիզմների փնտրտուքի հարցում խրախուսվում են հատկապես նոր համագործակցության և նոր կապերի ստեղծման առումով։ Փոխադարձ համագործակցության մեջ է առաջընթացի բանալին»,-ասաց Պողոսյանը։  

ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ տվյալ համաժողովը բացառիկ հարթակ է՝ համախմբելու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած թանգարանային և մշակութային ժառանգության ոլորտի փորձագետներին, քննարկելու այսօրվա լուրջ մարտահրավերները՝ թվայնացումից և հանրային ներգրավումից մինչև կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մշակութային արժեքների պահպանման վրա։ 

«Սակայն այդ մարտահրավերները նաև նոր հնարավորությունների դուռ են բացում նորարարական մոտեցումների, փոխլրացնող փորձի փոխանակման և լայնածավալ համագործակցության շնորհիվ։ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համատեսքտում մշակութային կապերն ունեն առանձնահատուկ նշանակություն։ Թանգարանները դառնում են ոչ միայն պատմության վկաներ, այլև ապագայի կառուցման կարևոր գործիք։ Մեր առջև ծառացած խնդիրներին կարող ենք դիմագրավել միայն  ուժերի միավորման միջոցով, կիսելով լուծումները, ստեղծելով միջմշակութային երկխոսության նոր կամուրջներ»,-ասաց Ավետիսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ կոնֆերանսը միտված է ընդգծելու նորարարական պրակտիկաները տարբեր ոլորտներում, ներառյալ նոր տեխնոլոգիաների կիրառումը, թվային ներգրավման հարթակների զարգացումը, կառավարման և կրթության մոտեցումների կիրառումը։

«Այս կոնֆերանսն, անշուշտ, կնպաստի ոչ միայն պրոֆեսիոնալ կապերի ամրապնդմանը, այլև նոր ծրագրերի, համատեղ ցուցահանդեսների և հետազոտական նախաձեռնությունների սկիզբ կդնի»,-նշեց Ավետիսյանը։  

Միջոցառման բացման ելույթներից հետո Չինաստանի ու Հայաստանի թանգարանների և ինստիտուտների միջև կնքվեցին համագործակցության հուշագրեր:

 

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում