Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրոպայի վոլեյբոլի պատանեկան առաջնությունը. ԿԳՄՍ նախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է հավուր պատշաճի անցկացնել Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կայանալիք Եվրոպայի վոլեյբոլի մինչև 16 տարեկան պատանիների առաջնության եզրափակիչ փուլը, որի կազմակերպման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է շուրջ 130 մլն դրամ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցաշարին նվիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Իսկ մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանից տեղեկացանք՝ սա լինելու է նշված տարիքի մարզիկների մասնակցությամբ Եվրոպայի առաջին առաջնությունը՝ 2024-ին միջազգային ֆեդերացիայի կողմից տարիքային խմբերի շեմը փոխելուց հետո:  

Հաշվի առնելով, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվելու նաև համաեվրոպական նշանակության վոլեյբոլի առաջնություն՝ կարող ենք փաստել, որ սպասվում է կրկնակի պատմական իրադարձություն: Պատահական չէ, որ Հայաստանի կառավարությունը և վոլեյբոլի ֆեդերացիան ամենայն պատասխանատվությամբ են պատրաստվել առաջնության կազմակերպմանը: 

«Պետական բյուջեից հատկացրել ենք մոտ 130 մլն դրամ: Ձեռք է բերվել նաև անհրաժեշտ գույք, այդ թվում՝ ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխանող ցուցատախտակներ, որոնք հնարավորություն են տալու կազմակերպել ամենատարբեր մարզաձևերի միջոցառումներ: Հետագայում կկարողանանք ավելի մեծ մարզադահլիճներում անցկացնել վոլեյբոլի մրցաշարեր: Այն ամենն, ինչ պահանջվում էր այս մրցաշարի կազմակերպման համար, հատկացվել է: Ամենն իրականացվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ համատեղ ջանքերով»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Նա հիշեցրեց, որ սա լինելու է Հայաստանում այս տարի անցկացվող արդեն 4-րդ միջազգային խոշոր մրցումը՝ տափօղակով հոկեյի C դիվիզիոնի աշխարհի առաջնությունից, կարատեի աշխարհի առաջնությունից և այս օրերին ընթացող բասկետբոլի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունից հետո: Մինչդեռ, Հայաստանը պատրաստվում է ավելի նշանակալի առաջնություններ ընդունել: Այդ առումով խիստ հագեցած է լինելու 2027 թվականը. այդ տարի մեր երկրում են տեղի ունենալու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, ծանրամարտի աշխարհի և սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունները:

Նախարարը հայտնեց, որ ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի և գործադիր տնօրեն Կամիլ Նովակի հետ իր այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում հետագայում բասկետբոլի ավելի խոշոր մրցաշարեր անցկացնելու հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանը հուսով է, որ երևանյան առաջնությունը կնպաստի Հայաստանում վոլեյբոլի մասսայականացման հետագա աճին: Այդ առումով նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարության հաստատած սպորտի ռազմավարությամբ՝ խաղային մարզաձևերի զարգացմանը տրվում է առանձնահատուկ նշանակություն: Նա տեղեկացրեց նաև, որ ազգային ֆեդերացիայի հետ քննարկվում է դպրոցականների վոլեյբոլի լիգա ձևավորելու հնարավորությունը: Ընդգծվեց, որ կառավարությունը նաև մեծ ուշադրություն է դարձնում սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը:

Հայերեն Русский

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ