Վարչապետը անդրադարձավ ռուսական շուկա արտահանվող հայկական արտադրանքի հետ կապված բարդություններին
3 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ռուսական շուկա արտահանվող հայկական արտադրանքի հետ կապված բարդություններին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից բարձրացվում են որոշակի մտահոգություններ արտահանվող ապրանքների ծագման վերաբերյալ։
«Նրանք ասում են, որ մտահոգություն ունեն՝ արդյոք այլ երկրներից, որոնք Ռուսաստանի նկատմամբ սանկցիոն քաղաքականություն են վարում, Հայաստան ապրանք է ներմուծվում, ապա վերաարտահանվում ՌԴ։ Այդ պատճառով նրանք ցանկանում են ունենալ ամբողջական տեղեկատվություն, և մեր Սննդի անվտանգության տեսչական մարմինը պատրաստ է տրամադրել այդ տեղեկատվությունը։ Մենք նաև մեր տվյալներն ենք դիտարկում․ ներմուծման և արտահանման թվերը համեմատելի չեն, հետևաբար համոզված ենք՝ վերաարտահանում տեղի չի ունենում», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ տվյալ պարագայում խոսքը վերաբերում է հատկապես ծաղիկների արտահանմանը։ Նա ընդգծեց, որ 2025 թվականի առաջին կիսամյակում ծաղիկների արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան կրկնապատկվել է ծավալով, իսկ գնային արտահայտությամբ՝ եռապատկվել։
Վարչապետը ընդգծեց, որ Հայաստանից արտահանող տնտեսվարողները պետք է պատրաստ լինեն միջազգային չափանիշներին համապատասխանելու։
«Տարիներ շարունակ ասել եմ, որ մեր արտադրանքը պետք է համապատասխանի որակի և անվտանգության միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին։ Սակայն ամեն անգամ, երբ գնում ենք այդ ուղղությամբ, տնտեսվարողները հաճախ ասում են՝ «էլի ժամանակ տվեք»։ Այժմ էլ ուզում եմ հստակ ասել՝ ստանդարտներին համապատասխանող ապրանքները որևէ արտահանման խնդիր չունեն։
Բայց եթե ապրանքն առնվազն որոշ կասկած է հարուցում՝ խնդիրներ են առաջանում ներմուծման կամ արտահանման ժամանակ։ Եվ այստեղ որոշակի լեգիտիմություն կա այն բացատրության մեջ, որ սկզբում ստուգվում է ապրանքը, և եթե համապատասխանություն է հաստատվում, թույլատրվում է արտահանումը։
Ես չեմ կարծում, թե մեր ռազմավարությունը պետք է լինի սուվերենության հաշվին չստանդարտային ապրանք արտահանել։ Մեր նպատակն է, որ մեր ապրանքներն ունենան բավարար որակ և համապատասխանեն ստանդարտներին, որպեսզի դրանց արտահանման հետ կապված խնդիրներ չլինեն՝ անկախ ուղղությունից՝ հյուսիս, հարավ, արևելք, թե արևմուտք»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ կառավարությունը պատրաստ է աջակցել բոլոր այն արտադրողներին, որոնք ցանկանում են իրենց արտադրանքը համապատասխանեցնել որակի միջազգային չափանիշներին։
«Մենք այս ռազմավարությունը սկսել ենք և շարունակելու ենք։ Կառավարությունը պատրաստ է աջակցել բոլոր տնտեսվարողներին, ովքեր պատրաստ են այս ճանապարհով լուծել խնդիրը՝ ֆունդամենտալ մոտեցմամբ», – եզրափակեց վարչապետը։