Իրավունք

Բացահայտվել է համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

5 րոպեի ընթերցում

Բացահայտվել է համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳ նախարարության ոստիկանությունից՝ ներկայացնելով մանրամասներ:

«Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով:

Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունն ու յուրաքանչյուրի դերակատարումը:

Հուլիսի 1-ին, մանրակրկիտ նախապատրաստումից հետո, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացրին անսպասելի խուզարկություն, և հմուտ գործողությունների արդյունքում հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները:

Հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամաներին պատկանող համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց հատուկ կահավորանքը պետք է չեզոքացներ իրենց ինքնության բացահայտման ռիսկը »,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝մինչ այդ ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որ հանցավոր կազմակերպության անդամները համացանցի միջոցով կապ են հաստատել արտերկրում բնակվող անձանց հետ, ներկայացել տարբեր կեղծանուններով և հաղորդակցվելով օտար լեզուներով՝ հանցավոր եղանակով նրանցից հափշտակել են ֆինանսական միջոցներ:

Մասնավորապես՝ նրանք տուժողներին առաջարկել են իրենց պատրաստած կեղծ կրիպտոարժույթների հարթակներում կատարել ֆինանսական ներդրում և կարճ ժամանակում ստանալ շահույթ:

Ավելին՝ հանցավոր կազմակերպության անդամները թիրախավորված անձանցից տարբեր պատրվակներով պահանջել և ստացել են տարատեսակ բանկային տվյալներ, որոնց միջոցով ձեռք են բերել այդ անձանց ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ տվյալներ:

Բացի այդ, թիրախավորել են նաև այն անձանց, որոնք արդեն դարձել են նմանատիպ հանցագործությունների զոհ և առաջարկել կատարել կեղծ հետաքննություն՝ կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու պատրվակով, ինչի դիմաց պահանջել են միջնորդավճար:

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և միջոցառումերը շարունակվել են համատեղ:

«Կիբեռհանցագործությունների բացահայտման գործում հատկապես կարևոր է ձեռք բերել ապացույցներ: Առաջին դեպքը չէր, և փորձառու իրավապահները գիտեին, որ այս հանցավոր կազմակերպության անդամները ևս ունեն իրավապահների անակնկալ այցելության դեպքում համակարգիչներում առկա ապացույցները ոչնչացնելու հստակ միջոցներ և ուղեցույց»,- ասված է հաղորդագրությունում: 

Մի խումբ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու հատկանիշերով:

Ընդգծվում է, որ ներկայացվածը Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական մեծամասշտաբ բացահայտումն էր։

Ներկայումս Քրեական ոստիկանության ծառայողներն ակտիվ համագործակցում են օտարերկրյա պետությունների գործընկերների հետ` հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում