Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը կունենան աղբահանության ամբողջությամբ նորացված ծառայություն

3 րոպեի ընթերցում

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում աղբահանության ծառայությունը կդրվի ավելի լավ մակարդակի վրա։ Օրերս մեկնարկած «Կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի ու աղբահանության սխեմաները և կազմվել աղբի հավաքման օպտիմալ երթուղիները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» միջհամայնքային ընկերության տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, ներկայացնելով մանրամասներ, նշեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է Հրազդանում, որոշակի աշխատանքներ կատարվել են Մարտունի և Ակունք համայնքներում։ 

«Հրազդանում կառուցվել է նոր սանիտարական աղբավայր։ Աղբավայրում այնպիսի պայմաններ են ստեղծված, որ բացառվում է սեղմահեղուկները ստորին ջրերի հետ խառնվեն։ Բացառվում է նաև աղբի հրկիզման տարբերակը։ Դա շատ կարևոր է համայնքի համար տարբեր տեսանկյունից։ Հստակ չափորոշիչներին համապատասխան աղբը հողով ծածկվում է՝ առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու»,-ասաց Սերգեյ Համբարձումյանը։ 

Ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 7 հազար թափոնաման, որոնք տեղադրվելու են Կոտայքի ու Գեղարքունիքի տարբեր համայնքներում։ Աշխատանքները սկսվել են Հրազդանից, հաջորդը լինելու է Սևանը։ Թափոնամաննների տեղադրման աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև բոլոր համայնքներում ավարտվեն։ Նոր գրաֆիկով պայմանավորված՝ քաղաքային համայնքներում աղբահանությունը կկատարվի ամեն օր, իսկ գյուղական համայնքներում աշխատանքները կկազմակերպվեն հաշվի առնելով աղբի ծավալները։ 

«Այստեղ բնակիչների վարքագիծը ևս կարևոր է։ Ուզում եմ ընդգծել, որ առայժմ խոսքը կենցաղային խառն աղբի մասին է, որը բնակիչները մեկ տեղ պետք է թափեն, դեռ այն սորտավորելու մասին չենք խոսում։ Այս փուլում շատ կարևոր է, որ բնակիչներն աղբը թափեն աղբամանի մեջ, չնետեն մոտակա ձորը կամ գետերը։ Վստահեցնում եմ, որ համակարգված աղբահավաքությունը բավական կօգնի մեր աշխատանքին»,-ասաց Սերգեյ Համբարձումյանը։  

Երկու մարզում մի քանի տասնյակ չկարգավորվող աղբատեղիներ փակվելու են ու չեն շահագործվելու։ Դա շատ լավ բնապահպանական նշանակություն կունենա Սևանի համար։ Սերգեյ Համբարձումյանը վստահեցրեց, որ մեկ սանիտարական աղբավայրը ծառայելու է երկու մարզի համար։ 

Սերգեյ Համբարձումյանը նշեց, որ անհրաժեշտ ամբողջ շարժակազմն ունեն, ներկայում կատարվում է աշխատակիցների համալրում։ Առաջիկա ամիսներին այս երկու մարզերը կունենան աղբահանության ամբողջությամբ նորացված ծառայություն։ 

Հայերեն