Հարյուր ֆիլմ՝ ավելի քան երեսուն երկրից. մեկնարկեց «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

6 րոպեի ընթերցում

©ARMENPRESS // Անժելա Համբարձումյան

Իրանցի ականավոր կինոռեժիսոր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 13-ին Երևանում՝ Կինոյի տանը, մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Սպասված կինոտոնն այս տարի ևս իր շուրջ է համախմբել կինոյի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր, որոնք մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման երեկոյին «Ոսկե ծիրան»-ի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ընդգծեց՝ որքան փառատոնը մոտենում էր, այնքան ահագնանում էին աշխարհաքաղաքական իրադարձությունները, որոնք անմիջական կապ ունեին մեր տարածաշրջանի հետ։ «Կարծում եմ՝ մեծ հաջողություն է, որ կարողացել ենք լիարժեք փառատոն կազմակերպել ապահովելով թե՛ ժյուրիի, թե՛ պատվավոր հյուրերի հեղինակավոր կազմ։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը շեշտադրվել է փառատոնի ծրագրում, որովհետև մենք ոչ թե ժամանցային, այլ այն ֆիլմերի վրա ենք կենտրոնանում, որոնք արտացոլում են մեր իրականությունը։ Այդպես մատնանշում ենք խնդիրները, որոնք ցավոտ են և խոցում են»,- շեշտեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ կինոփառատոնի գլխավոր հյուրերից է Ամիր Նադերին։ Նադերին Իրանի հետհեղափոխական շրջանի ամենաշրջադարձային ռեժիսորներից է, իրանական նոր կինոյի դասականներից մեկը։ Ավետիսյանը հիշեցրեց, որ առաջին անգամ հյուրընկալել են պատվավոր հյուրի Աֆրիկայից։ Խոսքն Աբդեռահման Սիսակոյի մասին է։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարի հավաստիացմամբ՝ նրանով  հպարտանում են խոշոր կինոփառատոնները։  Սիսակոն Կաննի կինոփառատոնի, «Սեզար» մրցանակի դափնեկիր է։ Նա համաշխարհային կինոյում համարվում է մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ձայներից մեկը։

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց այն փաստը, որ փառատոնին միացել են կինոյի համաշխարհային մեծություններ Ամիր Նադերին, Աբդեռահման Սիսակոն, Մարկո Մյուլերը և հեղինակություն վայելող այլ կինոգործիչներ։

«Նրանք ներկայացնում են տարբեր մշակութային դպրոցներ, սակայն բոլորին միավորում են միջազգային փորձն ու կինոյի հանդեպ անմնացորդ նվիրումը։ Մեզ հետ են նաև սփյուռքի ներկայացուցիչներ, որոնց մասնակցությունը շատ կարևորում ենք, քանի որ Երևանը բաց քաղաք է և միշտ սպասում է բոլոր նրանց, ովքեր կապ ունեն քաղաքի հետ իրենց հիշողություններով, արմատներով»,- ասաց Ավինյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենց աջակցությամբ փառատոնի շրջանակում կանցկացվեն մասնագիտական ծրագրեր, աշխատարաններ, վարպետության դասեր բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ։ «Նրանք երիտասարդ կինոգործիչներին, դերասաններին, ռեժիսորներին հնարավորություն են տալիս ծանոթանալ ոլորտի ժամանակակից չափանիշներին, հաղորդակցվել առաջատարների հետ,  զարգացնել ստեղծագործական հմտությունները»,-շեշտեց Երևանի քաղաքապետն ու շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ բոլորին տոն նվիրելու համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ տարեսկզբից ի վեր մի քանի անգամ  եղել է Կինոյի տանը՝ տոնելու տարբեր կարևոր առիթներ։ Նա հատկապես կարևորեց ռեժիսոր, «Ոսկե ծիրան»-ի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանի 70-ամյակին նվիրված միջոցառումն ու տեղեկացրեց, որ փառատոնի օրերին ևս կանդրադառնան հոբելյանին։

Անդրեասյանի խոսքով՝ «Ոսկե ծիրան»-ը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը։ «Մենք այլևս չենք պատկերացնում որևէ ամառ առանց «Ոսկե ծիրան»-ի։ Այս մարդաշատ դահլիճը վկայում է այն մասին, որ այն ամենասպասված իրադարձություններից է։ Կինոյի աշխարհում այն դարձել է մեր փառատոնային  անձնագիրը։ Սա այն այցեքարտն է, որով կարողանում ենք ներկայանալ աշխարհին, երբ խոսում ենք  Հայաստանում կինոյի ոլորտի իրադարձությունների մասին։ Սկզբում «Ոսկե ծիրան»-ը եղել է նախաձեռնություն, որին շատերը չեն հավատացել, իսկ այսօր իր հաստատուն տեղն ունի միջազգային տարբեր հարթակներում»,- ընդգծեց նախարարը։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հյուրերի ջերմ խոսքերը լսելուց հետո բեմ բարձրացավ Հարություն Խաչատրյանը։ Նա հիշեցրեց, որ 2025-ին նշվում են Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի, Հրանտ Մաթևոսյանի և հայկական կինոյի այլ երևելիների հոբելյանները։  «Նրանք  իմ ուսուցիչներն էին, իմ ավագ ընկերներն էին ու մեծ հետք  են թողել մեր կինոյի պատմության մեջ։  Շնորհակալություն նրանց իրենց արվեստի, անցած ճանապարհի ու թողած ժառանգության համար»,- շեշտեց Հարություն Խաչատրյանը։

Նա բեմ հրավիրեց «Ոսկե ծիրան»-ի համահիմնադիրներ Միքայել Ստամբոլցյանին, Սուսաննա Հարությունյանին ու երեքով բարձր ծափահարությունների ներքո ազդարարեցին կինոփառատոնի մեկնարկը։ 

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնին, որը կանցկացվի հուլիսի 13-20-ը, Հայաստան ժամանած կինոյի համաշխարհային դեմքերը՝ կինոգործիչները, իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին, իսկ ֆիլմերի ցուցադրությունների հիմնական վայրերն են Կինոյի տունն ու «Մոսկվա» կինոթատրոնը։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն