Չինաստան

Չինաստանը և ԱՍԵԱՆ-ը ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր կստորագրեն

2 րոպեի ընթերցում

Չինաստանը և ԱՍԵԱՆ-ը ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր կստորագրեն

Չինաստանը և Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ) հոկտեմբերին կկնքեն ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայացած ԱՍԵԱՆ երկրների նախարարների մասնակցությամբ միջոցառումների ավարտին լրագրողներին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ 

Նա նշել է, որ Չինաստան-ԱՍԵԱՆ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ խորհրդակցություններն ավարտվել են և համապատասխան փաստաթղթերը ստորագրման կներկայացվեն հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում։

«Միակողմանի գործողությունների և պրոտեկցիոնիզմի (խմբ. ապրանքների և ծառայությունների ներմուծման սահմանափակմանը միտված պետական արտաքին առևտրական քաղաքականություն) քաղաքականության ներկայիս տարածման խորապատկերում Չինաստանը և ԱՍԵԱՆ երկրները դրսևորել են միմյանց աջակցելու, միավորվելու և համագործակցելու, ինչպես նաև մարտահրավերներին համատեղ դիմակայելու անսասան ձգտում»,- նշել է Վան Ին, որի խոսքը մեջբերում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքը։

Վան Ին հայտարարել է, որ Չինաստան-ԱՍԵԱՆ ազատ առևտրի գոտու վերաբերյալ խորհրդակցությունների ավարտը և փաստաթուղթը վավերացնելու կողմերի պատրաստակամությունը հստակ ցույց է տվել՝ շարունակվելու են տարածաշրջանային տնտեսական միավորմանը և տարածաշրջանային ազատ առևտրի բարձր մակարդակի ցանցի ձևավորման աջակցությանը միտված քայլերը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում