Կրթություն

ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է

2 րոպեի ընթերցում

ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է

Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել շրջանավարտների մասնագիտական երդման հանդիսավոր միջոցառումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԵՊԲՀ-ի տարածած հաղորդագրությունից, այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է։

«Ինձ համար ոչ միայն հիշարժան օր է, այլ նաև հնարավորություն է երախտագիտություն հայտնելու մեր շրջանավարտների ծնողներին։ Համոզված եմ, որ նրանց ընտանեկան դաստիարակությունը, նրանց արժեհամակարգը, նրանց մարդկային տեսակը հետագայում ոչ պակաս դերակատարում են ունենալու մեր շրջանավարտների կյանքում, քան ստացած գիտելիքը, հմտությունները և, իհարկե, կոչումները»,- շնորհավորական խոսքում նշել է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը 

Բուհի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, կարողացել է ձևավորել մի կրթօջախ, որն արդեն տասնյակ տարիներ արտահանում է բժշկական կրթությունը։ 

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանն ընդգծեց՝  առջևում մեծ մարտահրավերներ կան, քանի որ բժշկի մասնագիտությունը կրողները ամենահումանիստն են, ամենասկզբունքայինը, ամենաանձնուրացը, ինչու չէ՝ նաև ամենահոգատարն ու ամենահամառը լավագույն իմաստով: 

«Թող այս ամենաները ձեզ երբեք չվախեցնեն, քանի որ դուք արդեն ընտրել եք բժշկի պատասխանատու գործը, որը նշանակում է՝ կարող եք հոգ տանել և բուժել, այսուհետ ձեր ընտրությունը կյանքն է: Դուք լինելու եք վաղվա հույսի կրողը, ձեզ հավատալու են: Անվարան գնացեք ձեր ընտրած ճանապարհով և հիշեք, որ կյանքի բոլոր կանգառներում ձեզ սպասողներ ունեք: Բարի երթ ձեզ դեպի մեծ կյանք»,- նշեց  նա:

Երդման արարողակարգն այս տարի տարբերվեց։ Բեմում հայ և օտարերկրացի նորավարտների կողքին էին կայացած համալսարանականներ, բժիշկ-գիտնականներ, որոնք խորհրդանշական ճերմակ խալաթը փոխանցեցին կրտսեր կոլեգաներին՝ ապագայի լավագույն ցանկություններով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում