Հայաստանում խթանվում է գիտահետազոտական և տեխնոլոգիական ոլորտների զարգացումը. ստորագրվեց հուշագիր
5 րոպեի ընթերցում

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն և Ինժեներական ասոցիացիան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ուղենշելով նոր ու նշանակալի փուլ Հայաստանում նորարարության, գիտահետազոտական և տեխնոլոգիական ոլորտների զարգացման խթանման ուղղությամբ:
«Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի երազանք Հայաստանը դարձնելու տարածաշրջանային, ապագայում նաև համաշխարհային գիտահետազոտական կենտրոն, և այս համատեքստում ինժեներական քաղաքը և ինժեներական քաղաքում արդեն իսկ կառուցված բիզնես աքսելերատորի շենքը կարևոր դերակատարում ունեն: Ինչո՞ւ, որովհետև հենց այս միջավայրում են հավաքվում ինժեներներ, հետազոտողներ, գիտնականներ, գիտահետազոտական խմբեր, որոնք նոր գիտելիք են ձևավորում՝ իրականացնելով գիտահետազոտական աշխատանքներ և փորձարարական մշակումներ՝ ստանալով նոր փորձանմուշներ, նոր պրոդուկտներ, որոնք ծառայելու են հայաստանյան տնտեսությանը, ինչպես նաև մատակարարվելու են աշխարհին»,-ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի տեխնոլոգիաների և հետազոտությունների փոխնախագահ Լուկա Ռոսիի խոսքով՝ այս համագործակցության կարևորությունն այն է, որ իրենց հնարավորություն է տրվում համագործակցել տեղական ընկերությունների, համալսարանների և տեխնոլոգիական կենտրոնների հետ:

«Այն մեզ նաև հնարավորություն է տալիս աշխատել միջազգային առումով, հետևաբար, սա շատ կարևոր հարթակ է, որին մասնակցություն ունենալու համար մենք շատ ուրախ ենք»,-նշեց նա:
Գործընկերությունը հիմնված է ազդեցիկ նախաձեռնությունների վրա, ինչպիսիք են գիտական ինկուբացիան, ասպիրանտական ծրագրերի աջակցությունը, ֆակուլտետային հետազոտությունները, մագիստրոսական ծրագրերը, գիտատեխնոլոգիական ֆորումները: Այս ջանքերը զգալիորեն նպաստել են Հայաստանի գիտական և տնտեսական ոլորտների զարգացմանը` խթանելով տաղանդների զարգացումը և նորարարությունը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց՝ PMI Science-ի հետ համագործակցում են ավելի քան 8 տարի, որը մուտք գործեց Հայաստան՝ զարգացնելու հետազոտությունը և գիտությունը՝ բազմաթիվ ուղղություններով.

«Կարևոր էր, որ հիմնվեց PMI Science Հայաստանի հետազոտական կենտրոնը, որի հետ ունենք բազմաթիվ ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ասպիրանտներին, մագիստրոսներին, գիտական ինստիտուտներին: Համագործակցության շրջանակում նաև հրավիրում ենք մասնագետների սփյուռքից: Սա մի նոր նախաձեռնություն է և շատ ուրախալի է, որ հենց ինժեներական քաղաքում հնարավոր կլինի պատրաստել, ստեղծել, ձևավորել համատեղ օգտագործման արագ պրոտոտիպերի մշակման լաբորատորիա»:
Ենգիբարյանի խոսքով՝ համագործակցությունը կենտրոնանալու է գիտահետազոտական գործունեության ընդլայնման վրա` ինժեներություն, կիրառական ֆիզիկա, նյութագիտություն և արհեստական բանականություն: Այս համագործակցությունը համահունչ է նաև Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի և Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի նպատակներին՝ էլ ավելի ամրապնդելով Հայաստանի դիրքը` որպես բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար:

«Այս նախագծի արժեքը նրանում է, որ ինժեներական քաղաքում տարբեր ոլորտների ինժեներական կազմակերպություններ կան, ստեղծվում է մի միջավայր, որտեղ մեկ տեղում կողք կողքի հավաքվում են ինժեներական կազմակերպություններ, որոնք էլեկտրոնիկայի, մեխանիկայի, սարքաշինության, միկրո կոնտրոլերների վրա ծրագրավորման հնարավորություններ ունեն, գիտելիք ունեն, փորձ ունեն։ Այս բոլոր կարողությունները իրար միացնելը մեզ թույլ կտա PMI Science-ի համար ավելի արագ նախատիպեր մշակել: Մենք կարողանալու ենք համատեղ հիմնադրել նախատիպերի արագ մշակման լաբորատորիա, որտեղ մենք ևս կներդնենք որոշակի սարքային հնարավորություններ, որը իրականում կօգտագործվի ամբողջ ինժեներական համայնքի կողմից»,-ասաց Հայաստանում PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մարդոյանը:
Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ 9 ֆակուլտետային հետազոտական թիմերին պաշտոնապես հանձնվեցին 2025 թվականի ծրագրի ֆինանսավորման վկայականները: