Սպորտ

Հայաստանում միջազգային մրցաշարերի շարունակական կազմակերպումը կառավարության ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանում միջազգային մրցաշարերի շարունակական կազմակերպումը կառավարության ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյան

Երևանում հուլիսի 11-20-ը բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության անցկացումը բխում է ՀՀ կառավարության ռազմավարությունից, որը միտված է Հայաստանում հնարավորինս հաճախակի միջազգային մրցումների կազմակերպմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջիկա ստուգատեսին նվիրված ասուլիսում այս մասին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սա ամբողջությամբ տեղավորվում է կառավարության քաղաքականության և ռազմավարության շրջանակներում: Այս տարի արդեն երրորդ նման խոշոր միջոցառումն ենք անցկացնելու: Տարին սկսեցինք տափօղակով հոկեյի աշխարհի D դիվիզիոնի առաջնության անցկացմամբ, այնուհետև ընդունեցինք կարատեի աշխարհի մեծահասակների առաջնությունը: Հիմա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության մեկնարկին ենք պատրաստվում: Այնուհետև նաև վոլեյբոլի միջազգային մրցաշար կունենանք»,- նշեց նախարարը: 

Նա ընդգծեց, որ կառավարությունը ձգտում է մեծ ուշադրություն դարձնել ընդհանրապես խաղային մարզաձևերի զարգացմանը: Այդ նպատակով իրականացվող միջոցառումներից էր այս տարի առաջին անգամ կազմակերպված դպրոցականների բասկետբոլի լիգայի մրցաշարը, որը կյանքի էր կոչվել ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով: Նշվեց, որ լիգայի համայնքային փուլի խաղերին մասնակցել են շուրջ 8700 դպրոցականներ:

Խաղային մարզաձևերի զարգացման համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորեց ակումբային սպորտի դերը: Նա նշեց, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծում առանձնակի նշանակություն է տրված ուսանողական սպորտի զարգացմանը և ակումբների ձևավորմանը: 

Նախարարը կարևորեց նաև այն հանգամանքը, որ նման մրցաշարերը ոչ միայն խթանում են սպորտի զարգացումը, այլև նպաստում են երկրի հանրահռչակմանը:

«Շուրջ 400 մասնակիցներ կժամանեն Երևան: Խաղերը կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնում և մարզահամերգային համալիրում: Հայաստանի մասնակցությամբ խաղերը կհեռարձակվեն առաջին ալիքով, իսկ առաջնության բոլոր խաղերը՝ միջազգային ֆեդերացիայի յութուբյան ալիքով: Սա նույնպես հավելյալ հնարավորություն է ոչ միայն բասկետբոլ դիտելու, այլ նաև երկրի հանրահռչակման: Շուրջ 3 մլն բաժանորդ ունեցող յութուբյան այս ալիքում Հայաստանից հեռարձակվող խաղերի ցուցադրությունը վստահաբար նաև նպաստելու է երկրի ճանաչելիությանը: Այս օրերին սպասում ենք նաև հազարից ավելի արտասահմանցի երկրպագուների ժամանման, բացի դրանից մեծ թվով կամավորներ են ներգրավված»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը հայտնեց նաև, որ առաջնության անցկացման ֆինանսավորումն ամբողջությամբ ստանձնել է ՀՀ կառավարությունը: Մասնավորապես, նախապատրաստական փուլում համապատասխան շինարարական, վերանորոգման, նոր գույքի ձեռքբերման աշխատանքներ են կատարվել Սպորտի կառավարման կենտրոնում:

Ժաննա Անդրեասյանը հուսով է, որ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հաջող կմասնակցի չորս օրից մեկնարկող առաջնությանը և կգրանցի լավ արդյունքներ:

Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությանը մասնակցելու են 21 երկրների հավաքականներ: Հայաստանի ընտրանին B ենթախմբում մրցելու է Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հասակակիցների հետ: A ենթախմբում ընդգրկված են Խորվաթիայի, Պորտուգալիայի, Բուլղարիայի, Սլովակիայի և Մեծ Բրիտանիայի հավաքականները: C ենթախմբում են Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Վրաստանի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Դանիայի թիմերը: D ենթախմբում կմրցեն Թուրքիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Կոսովոյի և Ալբանիայի բասկետբոլիստները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում