Ուժեղացված ծառայություն Սևանում․ ջրային պարեկներն ու փրկարարները հորդորում են պահպանել անվտանգության կանոնները
4 րոպեի ընթերցում
Սևանում լողափնյա սեզոնի բացմանը զուգահեռ ջրային պարեկներն ու փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացնում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի Մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ՓԾ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը տեղեկացրեց, որ մինչ լողասեզոնի բացումը նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել մի քանի ուղղություններով։
«Կահավորվել են փրկարարների հենակետային տարածքները, կարգի են բերվել լողամիջոցները։ Հուլիսի 1-ից սկսեցինք ուժեղացված ծառայությունը և ասեմ, որ ծառայությունը 24-ժամյա ռեժիմով իրականացվում է 3 հանրային լողափերում և կենտրոնական կայանում։ Հանրային լողափերում տեղադրվել են լողանշանները, ամբողջական անհրաժեշտ գույքը, սարքավորումները տեղերում են»,-ասաց Արմեն Ճզմաչյանը։
Հերթապահություն իրականացվում է մոտորանավակների միոջոցով, կատարվում են շրջայցեր, որի ընթացքում փրկարարները քաղաքացիներին իրազեկում են՝ ուշադրության կենտրոնում պահելով անվտանգության կանոնները։ Մասնագետների հորդորն է, հանգիստը կազմակերպել այն վայրերում, որտեղ լողալ թույլատրվում է, նշանները չանցնել ու դեպի խորքային հատվածներ լողալով չգնալ։ Դրանից բացի մեծ քանակությամբ սնունդ ու ալկոհոլ օգտագործած վիճակում չմտնել ջուրը։ Սևանում ջրի ջերմաստիճանը ցածր է, ամռան ընթացքում 22-23 աստիճան է լինում, դա համեմամատաբար սառն է համարվում ու կարող է ջղաձգության, սպազմի պատճառ լինել։
«Նախորդ լողասեզոնին ջրափրկարարները 49 երթ են իրականացրել, ու փրկել են 30 մարդու։ Դեպքերը լինում են և՛ հանրային, և՛ մասնավոր լողափերում։ Մեծ մասամբ խափանված լողամիջոցները քամին քշում տանում է լճի խորքերը, ալեկոծության ժամանակ նավակներում ջուր է լցվում ու կարող են շրջվել։ Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները նախատեսված նշանից անցնում են դեպի խորքը, գերագնահատում են իրենց ուժերը և չեն կարողանում վերադառնալ»,-ասաց Արմեն Ճզմաչյանը։
Արդեն երկրորդ տարին է ջրային պարեկային ծառայությունը ամբողջ ներուժով աշխատանքներ է իրականացնում Սևանում, և փրկարար ծառայության հետ համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ են կազմակերպվում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Դավիթ Գալոյանը նշեց, որ իրենց առջև դրված է խնդիր լողափերում ապահովել հասրակական կարգը, հսկողություն իրականացնել լողամիջոցների կանոնների պահպանման նկատմամբ։ Մասնավորապես, օրենսդրական փոփոխությունների համաձայն որոշ լողամիջոցներ վարելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան իրավունք, լողամիջոցները պետք է անցած լինեն տեխնիկական զննություն։ Արգելվում է լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը։ Կանոնները չպահպանելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Նախորդ տարի լողասեզոնի ընթացում մեր կողմից 50-ից ավելի դեպք է արձանագրվել։ Հիմնական դեպքերը կապված են եղել առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելու հետ։ Նման դեպքում նախատեսված է 10 հազար դրամ տուգանք։ Քիչ չեն դեպքերը, երբ ոչ սթափ վիճակում են վարել լողամիջոցը»,-ասաց Դավիթ Գալոյանը։
Մասնագետներն ընդգծեցին, որ ջրային պարեկային ծառայության ներդրումը քաղաքացիների շրջանում զգոնությունը մեծացել է, հիմնականում փրկարարական միջոցները մոտորանավակները շահագործելիս ապահովում են, ջրային լողամիջոցները շահագործողները հետևում են կանոններին ու չեն մտնում լողալու համար սահմանազատված գոտիներ։