Մեծ պատիվ է անդամակցել Կինեմատոգրաֆիայի արվեստների և գիտությունների ակադեմիային. կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը՝ ձեռքբերումների մասին

8 րոպեի ընթերցում

Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը կանդամակցի Կինեմատոգրաֆիայի արվեստների և գիտությունների ակադեմիային (The Academy of Motion Picture Arts and Sciences): 

Այս կապակցությամբ Բերբերյանը սոցիալական հարթակներում գրել է. «Ինձ համար մեծ պատիվ է ընդունվել և անդամակցել Կինեմատոգրաֆիայի արվեստների և գիտությունների ակադեմիային: Հպարտ եմ, որ որպես ակադեմիայի անդամ առաջին հայ կոմպոզիտոր՝ ես կներկայացնեմ հայկական երաժշտությունն ու կինոն։ «Սողոմոնի երգերը» ֆիլմից մինչև «Ամերիկացի»... Յուրաքանչյուր նախագիծ եղել է ուղի՝ լի կրքով ու նպատակով։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ. այս պահը բոլորինս է»։

Անդրանիկ Բերբերյանին շատերը ճանաչել են նրա՝ ֆիլմերի համար գրված ստեղծագործություններով՝ «Սողոմոնի երգերը», «Ամերիկացի», «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը», «Մեդալի հակառակ կողմը» և այլն։ Բերբերյանն իրեն չի սահմանափակում կինոերաժշտությամբ և աշխատում է նաև այլ նախագծերի շուրջ. ամիսներ առաջ ստեղծել է «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության բացման արարողության երաժշտությունը և գրել ստեղծագործություն, որը մրցանակաբաշխության երաժշտական գլխավոր թեման էր։

Կոմպոզիտորը զգացված է, որ այդ աշխատանքի համար իրեն են դիմել։ Հույս ունի, որ մրցանակաբաշխությունն ու իր երաժշտությունը երկար կապրեն։

Մրցանակաբաշխությանը Բերբերյանը ճանաչվեց «Լավագույն կոմպոզիտոր», նրա հայրը՝ Ավետիս Բերբերյանը, «Կոմիտասական»  խմբերգաշար-սյուիտի համար մրցանակի արժանացավ երկու անվանակարգում՝ «Լավագույն գործիքավորում» և «Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում»։ Մի քանի անվանակարգում ներկայացված էր նաև Անդրանիկի քույրը՝ Ջուլիանա Բերբերյանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ կոմպոզիտորը խոստովանում է՝ իրենց համար «Խազեր»-ը շատ կարևոր նշանակություն ստացավ, քանի որ հայրը, ինքն ու քույրը ստեղծագործել են տարբեր ուղղություններով, սակայն մրցանակաբաշխությունն այդ բոլորը միացրեց և մասնագետների ուշադրությանն արժանացավ։ Ասում է՝ եթե որևէ մրցանակ չստանային, միևնույն է՝ օրը տոնական էր։

«Վստահ եմ՝ տարիների ընթացքում «Խազեր»-ն առավել լավը կդառնա, բայց մեկնարկը սահմանեց նշաձող, որը պետք է պահել։ Որքան աջակցեն մրցանակաբաշխությանը, այնքան այն կընդլայնվի և մեծ ազդեցություն կթողնի ոլորտի վրա։ Շատերս բողոքում ենք, որ մեր ինդուստրիան լճացել է, որակը չի սահմանվում և այլն։ Կարծում եմ՝ «Խազեր»-ն այն օղակն է լինելու, որը համակարգելու է այդ ամենը»,-հավաստիացնում է Բերբերյանը։

Ըստ նրա՝ մրցանակաբաշխությունները կարող են կամուրջներ կառուցել ստեղծագործողների, մասնագետների, ունկնդրի միջև, մրցանակակիրներին հնարավորություն ընձեռել լայն կապեր հաստատել, ինչը կխթանի նրանց՝ միջազգային հարթակներում ներկայանալուն։

«Կոմպոզիտորական արվեստն ու հանդիսատեսը մի քիչ հեռացել են իրարից։ Անհրաժեշտ է նրանց միավորել, և ես փորձում եմ հնարավոր ամեն բան անել այդ ուղղությամբ, ասում եմ, որ անհրաժեշտ է նոր ստեղծագործություններ գրել, պատվիրել երաժշտութուն, որպեսզի նոր բան ծնվի։ Հինը պետք է միշտ մատուցվի, բայց հնի հաշվին չպետք է նորը կանգ առնի, որովհետև նոր սերունդը հարցնելու է, թե ինչ է արվել և արվում։ Պետք է մտածել ապագայի մասին ու հասկանալ, թե ինչ է պետք ստեղծվել այսօր»,-նշում է կոմպոզիտորը։

Վերադառնալով «Խազեր» մրցանակաբաշխությանը՝ Բերբերյանը մանրամասնում է, որ բացման երաժշտությունը մշակել է՝ ներկայացնելով Մաշտոցի շարականը, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները և այլն, քանի որ նպատակն է եղել ցույց տալ այն ճանապարհը, որն անցել է ազգային երաժշտությունն ու հասել մեր օրեր։

Բերբերյանն առաջին անգամ չէ աշխատում մասշտաբային նախագծերի շուրջ։ Տարիներ առաջ գրել է Դուբայի էքսպոյի Հայաստանի մասնակցության վիզուալացված նյութի երաժշտությունը,  գրել է 2023-ին Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության երաժշտությունը։ 2024-ին Բերբերյանը հեղինակել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան հանդիպման ու գործարար համաժողովի գալա համերգի երաժշտությունը, 2025 կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողության երաժշտությունը և այլն։

«Այդ ամենը շատ է տարբերվում ֆիլմերի համար երաժշտություն գրելուց, որովհետև այդ պարագայում թիմի հետ ամենասկզբում ես միանում աշխատանքին, երբեմն երաժշտությունից են բխում բեմադրությունը, խորեոգրաֆիան, լեդային կոնտենտը և այլն։ Երբ հանդիպում եմ այս կամ այն նախագծի ռեժիսորին, նա պատմում է իր գաղափարները, ես գրում եմ երաժշտությունը, որի հիման վրա կառուցվում է ամենը։ Կինոյի դեպքում հակառակն է։ Կինոնկարը նկարահանված է, մոնտաժված է, ավարտված է, և դու փորձում ես երաժշտություն գրելով հարմարեցնել տեսարաններին։ Այդ առումով շատ հետաքրքիր փորձառություն է այլ նախագծերի շուրջ աշխատելը»,-պատմում է նա։

Կինոն Բերբերյանի տարերքն է, և այժմ նա աշխատում է «Տիգրան Մեծ» լիամետրաժ վավերագրական ֆիլմի վրա։ Կարծում է՝ Տիգարն Մեծի ժամանակաշրջանը մեր պատմության ամենակարևոր էջերից է։ «Վերջերս ներկայացրինք «Արտավազդ 2-րդ. Հռոմի և Պարթևստանի միջև»  ֆիլմը։ Նույն թիմով աշխատում ենք «Տիգրան Մեծ» երկու մասից բաղկացած ֆիլմի վրա։ Այլ նախագծեր ևս կան, բայց փակագծերը դեռ չեմ ցանկանում բացել»,-ասում է նա։

Բերբերյանին ոգևորում են, առաջ են մղում տարբեր ոլորտներն ու թեմաները։ Մայիսի 7-11-ը Հայաստանում անցկացվում էր Կարատեի Եվրոպայի առաջնությունը, որի բացման արարողության երաժշտության հեղինակը նա է։ Բերբերյանին հետաքրքիր է, թե կարատեիստը կամ ծանրամարտիկն ինչ են զգում մրցումների ընթացքում, ինչ հոգեբանություն ունեն և այլն։ Այդ ամենը նա արտացոլում է երաժշտության մեջ։  Նշում է՝ ամեն մարտարվեստ իր տրամադրությունը, ռիթմն ունի։

«Երբ ընդգրկվում եմ որևէ նախագծում, միայն երաժշտություն չեմ գրում, միշտ իմ գաղափարներն եմ առաջարկում, միայն նոտաները չեն, որ ստեղծում են այդ տրամադրությունն ու վիճակը, քանի որ թեմաները տարբեր են, երաժշտական մոտեցումները ևս պետք է տարբեր լինեն։ Միշտ մտածում եմ չկրկնվել. ամեն անգամ պետք է նոր մոտեցում ցույց տալ»,-վստահեցնում է կոմպոզիտորը, որը սիրում է տեղին և անաչառ քննադատություն լսել։ Այդ և մի շարք այլ հարցերում միշտ նրա կողքին է հայրը, որի կարծիքը Անդրանիկ Բերբերյանը շատ է կարևորում։ 

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան