Սպորտ

Մարզադպրոցների մարզիչները կվերապատրաստվեն միջազգային չափանիշներին համապատասխան․ ՀՀ կժամանեն բարձրակարգ մասնագետներ

2 րոպեի ընթերցում

Մարզադպրոցների մարզիչները կվերապատրաստվեն միջազգային չափանիշներին համապատասխան․ ՀՀ կժամանեն բարձրակարգ մասնագետներ

Մարզադպրոցներում աշխատող շուրջ 2100 մարզիչների համար կկազմակերպվեն նոր վերապատրաստման ծրագրեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց կառավարության հուլիսի 3-ի նիստի ժամանակ՝ ընդգծելով, որ վերապատրաստումներն իրականացվելու են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներով՝ յուրաքանչյուրն իր մարզաձևի առանձնահատկություններին համապատասխան։

Նախարարը հիշեցրեց, որ 2023 թվականին կազմակերպվել էր արտադպրոցական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորում, որին մասնակցել են նաև մարզադպրոցների մարզիչները։ Երկու տարվա ընթացքում 12 մարզաձևերից ատեստավորմանը մասնակցել են 272 մարզիչ-մանկավարժներ՝ տվյալ մարզաձևերի մարզիչների շուրջ 22.6 տոկոսը։ Նրանցից միայն 55-ն են ատեստավորվել՝ ընդամենը 5 տոկոսը։

«Այս արդյունքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է վերանայել գործող կարգը և իրականացնել նոր վերապատրաստումներ՝ մարզիչների պրակտիկ կարողությունները և տեսական պատրաստվածությունը բարձրացնելու համար»,-ընդգծեց նախարարը։

Նախատեսվում է, որ վերապատրաստումները կիրականացվեն արտերկրից հրավիրված բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ։ Մասնագետները կընտրվեն ըստ մարզաձևերի, իսկ վերապատրաստումներն անցկացվելու են մարզական ֆեդերացիաների համագործակցությամբ։

Նախարարը հավելեց, որ ծրագիրը լինելու է շարունակական։

«Վերապատրաստումներին ամեն տարի կմասնակցի մարզիչների 20 տոկոսը»,-եզրափակեց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում