Հայաստան

Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

3 րոպեի ընթերցում

Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ ներհամայնքային տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ օրենքի նախագծերի հիմնական նպատակը համայնքների կողմից կազմակերպվող ներհամայնքային ուղևորափոխադրումների կարգավորումների հստակեցումն է։  

«Երևանում և այլ համայնքներում այս ծառայությունները մատուցվում են թե՛ համայնքային, թե՛ մրցութային կարգով ընտրված օպերատորների կողմից, որոնց ծառայության արժեքը որոշվում է համայնքի ավագանու կողմից»,- ասաց նա։  

Հիմնական փոփոխությունները ներառում են տրանսպորտից առանց տեղական վճարի վճարման օգտվողների նկատմամբ վարչական տուգանքի սահմանում, վարչարարության իրականացման առանձնահատկությունների ձևավորում, վճարների գանձման, արտոնությունների տրամադրման և միասնական վճարման համակարգի ներդրման հնարավորության ապահովում։ 

«Առաջարկվում է Երևանի ավագանուն հնարավորություն տալ սահմանել մեկ միասնական վճար՝ ավտոբուսի, տրոլեյբուսի և մետրոպոլիտենի համատեղ օգտագործման համար։ Այս մոտեցումը  թույլ կտա քաղաքացիներին մեկ վճարով օգտվել բոլոր տրանսպորտային միջոցներից՝ դարձնելով երթևեկությունը ավելի հարմարավետ և ժամանակախնայող»,- նշեց նա։

Նախագծի համաձայն՝ սահմանվում է 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից։ Այն դեպքում, եթե քաղաքացին օգտագործում է արտոնություն՝ իրական օգտվողի փոխարեն, տուգանքը կկազմի 15 000 դրամ, իսկ եթե ուղևորը նույնիսկ ունի արտոնություն կամ ամսեկան վճարով միասնական տոմս, սակայն չի վավերացնում իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, նախատեսվում է 3 000 դրամ տուգանք։ 

Նախագծերի փաթեթը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից։ 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում