Իրավունք

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Չեխիայի դատախազության պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Չեխիայի դատախազության պատվիրակությանը

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Չեխիայի Հանրապետության դատախազության պատվիրակությանը՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախկին նախագահ, ԵԽ փորձագետ Յանա Զեզուլովայի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Չեխիայի պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Աննա Վարդապետյանը ողջունել է չեխ գործընկերներին, ընդգծել Յանա Զեզուլովայի ներդրումը Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի ստեղծման աշխատանքներում և նշել, որ Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ միտված երկու երկրների ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը, տնտեսական, մշակութային, պատմական և իրավական կապերի զարգացմանը:

Գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև գործում է 2009 թվականի մայիսի 18-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանը Չեխիայի հետ արդյունավետ աշխատում է նաև  Եվրաջասթի շրջանակներում:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել վերջին 4 տարիների ընթացքում Չեխիայի իրավասու մարմիններին հասցեագրված քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցումների շուրջ 90%-ը կատարելու համար և առաջարկել գործընկերներին շարունակել աշխատանքները Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված դրամական միջոցներով Չեխիայում ձեռք բերված գույքերի արգելադրման և հետագա տնօրինման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Չեխ գործընկերները, ի թիվս այլնի, հետաքրքրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ Հայաստանում գործող օրենսդրական կարգավորումներից և ինստիտուցիոնալ մոտեցումներից:

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում