Բարձր տեխնոլոգիաներ

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս թվային օրակարգին մասնակցությանը. Փաշինյանը տեսակապով ելույթ է ունեցել ԵԱՏՄ գագաթնաժողովին

6 րոպեի ընթերցում

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս թվային օրակարգին մասնակցությանը. Փաշինյանը տեսակապով ելույթ է ունեցել ԵԱՏՄ գագաթնաժողովին

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 26-ին մեկնարկել են ԵԱՏՄ գագաթնաժողովը և Եվրասիական տնտեսական ֆորումը, որոնց տեսակապով մասնակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, բացելով միջոցառումը, հայտարարել է, որ ի հեճուկս հոռետեսների սպասելիքների՝ ԵԱՏՄ-ն ոչ միայն շարունակում է գործել, այլև հաջողություններ է արձանագրում հիմնական ցուցանիշներով։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը թվային զարգացումը դիտարկում է որպես կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը։ «Մենք համոզված ենք, որ հենց թվայնացումն է բացում նոր հնարավորություններ տնտեսության, պետական կառավարման համակարգի և սոցիալական ոլորտի համար։ Հայաստանում արդեն իրականացված է գերատեսչությունների փոխգործակցության ճարտարապետությունը, որի շնորհիվ պետական մարմինները այլևս չեն կրկնում տեղեկատվությունը, այլ ստանում են մուտք բուն աղբյուրներին՝ ապահով կապի ուղիների միջոցով։ Դա հնարավորություն է տվել ստեղծել ինտեգրված թվային ծառայություններ, որոնք միավորում են ծառայությունների մատուցման բոլոր փուլերը մեկ միասնական, թափանցիկ և օգտատիրոջ համար հարմար գործընթացում։ Այսպիսի մոտեցումը նոր հնարավորություններ է բացում միասնական թվային միջավայր ձևավորելու համար։ Այսօր Հայաստանը այն երկիրն է, որը առաջարկում է բարդ և համալիր տեխնոլոգիական լուծումներ ու ծառայություններ։ Հայաստանում համակարգված աշխատանք է տարվում թվայնացման ուղղությամբ՝ կատարելագործվում է էլեկտրոնային կառավարման համակարգը, բարձրանում է քաղաքացիների թվային գրագիտությունը, զարգանում են ժամանակակից կիբեռանվտանգության մեխանիզմները»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջերս NVIDIA ընկերությունը որոշում է կայացրել Հայաստանում հետազոտական կենտրոն հիմնելու վերաբերյալ, ինչը հաստատում է, որ նույնիսկ փոքր պետությունները, որոնք ունեն հավակնություններ և տեխնոլոգիական հասունություն, կարող են նշանակալի դեր խաղալ գլոբալ տեխնոլոգիական էկոհամակարգում։ «Ազգային մակարդակում Հայաստանը արդեն ներդրումներ է կատարում մեքենայական ուսուցման, մեծ տվյալների և կոգնիտիվ տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պատրաստման մեջ, ստեղծում է տեղական փորձնական հարթակներ արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման համար և ձևավորում է իրավական հիմք՝ հաշվի առնելով տվյալների պաշտպանության սկզբունքներն ու մեխանիզմները, որոնք ապահովում են վստահության երաշխիք տվյալների նկատմամբ, ընթացակարգերի պարզեցում և ծառայությունների որակի բարձրացում՝ քաղաքացիների և բիզնեսի համար։ Ստեղծված և ձևավորման փուլում գտնվող տեխնոլոգիական հարթակները կդառնան նորարարական ոլորտների հիմք՝ բարձր տեխնոլոգիական ճյուղերում»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Անդրադառնալով արհեստական բանականությամբ տրվող նորարարական լուծումներին՝ երկրի ղեկավարը նշել է, որ դրանք թույլ են տալիս ոչ միայն ավտոմատացնել գործընթացները, այլև արմատապես փոխել կառավարման փիլիսոփայությունը՝ անցում կատարելով պրոակտիվ պետական ծառայություններից դեպի սոցիալական և տնտեսական քաղաքականության կանխատեսման վերլուծություն։ Դա, ըստ Փաշինյանի, բացում է նոր հնարավորություններ՝ ավելի ճշգրիտ, անհատականացված և ժամանակին որոշումներ կայացնելու համար, հատկապես, այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են պետական կառավարումը, առողջապահությունը, կրթությունը և սոցիալական պաշտպանությունը։

«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս թվային օրակարգին մասնակցությանը՝ դիտարկելով թվային վերափոխումը որպես փոխադարձ առևտրում խոչընդոտները վերացնելու և թափանցիկությունը բարձրացնելու գործիք։ Հատկապես կարևորում ենք մաքսային ոլորտի թվայնացումը՝ որպես վստահության տարածք ձևավորելու հիմք։ Հայաստանի համար, որը չունի ընդհանուր սահմաններ ԵԱՏՄ մյուս երկրների հետ, մաքսային, լոգիստիկ և սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը ձեռք է բերում առանձնահատուկ կարևորություն։

Ամփոփելով՝ նշեմ, որ մենք բաց ենք սահմանային հարթակների և փորձարարական նախագծերի մշակման համար, որոնք թույլ կտան մեզ ոչ միայն ներդնել գոյություն ունեցող տեխնոլոգիաները, այլև մշակել սեփական՝ հետաքրքիր և արդյունավետ լուծումներ»,- եզրափակել է վարչապետը։

Նշենք, որ գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է սահմանել ինտեգրման հետագա խորացման ուղենիշերը, քննարկել ԵԱՏՄ գործունեության արդի հարցերը, ներառյալ՝ ապրանքների և ծառայությունների միասնական շուկաների հետագա ազատականացումը, ինչպես նաև ապրանքների նշագրման, եվրասիական տրանսպորտային միջանցքների ընդլայնման և միության միջազգային կապերի զարգացման հարցերը։ Գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ստորագրել տասը փաստաթուղթ, որոնց թվում՝ սպորտի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, տնտեսական գործընկերության համաձայնագիր Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ժամանակավոր առևտրային համաձայնագիր Մոնղոլիայի հետ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում