Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի մայրաքաղաքում և Սիսիանում
6 րոպեի ընթերցում

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հունիսի 26-30-ը մայրաքաղաքում և Սիսիանում։ Փառատոնի հանդիսավոր բացումը նախատեսված է հունիսի 26-ին Սիսիանի Հ. Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում։
«Արմենպրես»-ի մամուլի ասուլիսում Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը նշեց, որ փառատոնը բացվելու է Կաննի միջազգային 77-րդ կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի՝ «Մարդ, ով չէր կարող լռել» մրցանակակիր ֆիլմով, որի ռեժիսորը Նեբոյշա Սլիժեպչևիչն է՝ Խորվաթիայից։
«Այս տարի բավական մեծ ակտիվություն է նկատվում։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է 850-ից ավելի հայտ՝ 90 երկրից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 44 ֆիլմ՝ 23 երկրից։ Հայաստան են ժամանելու բազմաթիվ հյուրեր՝ կինոգործիչներ, պրոդյուսերներ, կինոյի ինստիտուտների, փառատոնների և տարբեր կինոընկերությունների ղեկավարներ։ Շատ կարևորվում է փառատոնը մարզերի մեր բնակիչներին հասանելի դարձնելը։ Այդ նպատակով այս տարի ընտրել ենք Սյունիքը։ Ասեմ, որ Սիսիանում այս պահին ակտիվություն է, հյուրանոցները լեփ-լեցուն են, ինչն ուրախալի է»,-ասաց Գուժ Թադևոսյանը։
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանը հատկանշական համարեց այն, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են Ա դասի՝ Բեռլինի,Կաննի, Լոկառնոյի, Սանդենսի,Կառլովի Վարի, Վենետիկի, Բուսանի, Կրակովի, Տորոնտոյի փառատոնների մրցութային ծրագրերում մասնակցած և մրցանակակիր ֆիլմեր՝ Ֆրանսիայից, Բրազիլիայից, Իտալիայից, Իսպանիայից, Իրանից, Մալայզիայից, Մեծ Բրիտանիայից։
«Մեզ ներկայացրած ֆիլմերի 30 տոկոսից ավելին միջազգային Ա դասի փառատոններին հաղթած կամ մասնակից ֆիլմեր են։ Մենք շատ ենք հպարտանում այդ հանագամանքով։ Մեզ համար կարևոր է, որ մեր հայկական կինոմատոգրաֆիստները կարողանան տեսնել, շփվել այն հյուրերի հետ, որոնք ունեն հաղթանակներ միջազգային հարթակներում։ Ուզում եմ շեշտել նաև, որ մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր ֆիլմարտադրությունը զարգանում։ Եթե առաջին փառատոնի ժամանակ տեղացի գործիչներից ունեինք 2-3 կարճամետրաժ ֆիլմ, այս տարի այնքան շատ էին ու որակապես այնքան բարձր էին, որ չէինք կարողանում ընտրել»,-ընդգծեց Արտյոմ Բաղդասարյանը։
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, աջակիցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքապետարանն արդեն 3-րդ տարին անընդմեջ հովանավորում է այս փառատոնը։ Այս տարի նախատեսվել է շուրջ 19 մլն դրամ։
«Այս փառատոնը բավական սիրված է ու մեր երևանյան մշակութային միջոցառումների ցանկում իր ուրույն տեղն ունի։ Չնայած, որ մենք ենք փառատոնի գլխավոր հովանավորը, բայց փառատոնը մի քանի օր անցկացվելու է Սյունիքում, ինչի համար շատ ուրախ ենք ու մեր աջակցությունն ենք հայտնում այս մոտեցմանը»,-ասաց Լևոն Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ այս աջակցությունը կշարունակեն։
ՀՀ կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ևս կարևորեց մարզերում փառատոնի անցկացումը։ Նա ընդգծեց, որ նախարարության քաղաքականությունն է անպայման մշակութային կարևոր իրադարձություններն ուղղորդել մարզեր։
«Նախ, մարզերի մեր բնակիչներին հասանելի են դառնում մշակութային միջոցառումները, իրենք, մնալով իրենց բնակավայրում, մասնակից են դառնում մշակութային կյանքին։ Դրանից բացի, բավական հյուրեր են սպասվում, որոնց ուղղորդելով մարզեր՝ մենք տեղում տնտեսական ակտիվություն ենք ապահովում։ Կարճամետրաժ ֆիլմերի այս միջազգային փառատոնն էլ կարևորվում է այն հանգամանքով, որ ոչ միայն մեր երիտասարդ տաղանդներին ենք բացահայտում, այլև կինոյի ոլորտի միջազգային մեր գործընկերներին տեղում ընդունելու, շփվելու, համագործակցության հարցեր քննարկելու հնարավորություններ են ստեղծվում»,-ասաց Դանիել Դանիելյանը։
Փառատոնն ունի մրցութային մաս։ Կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է՝ «Միջազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր, «Ազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր, «Ուսանողական ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ուսանողական ֆիլմեր։
Հունիսի 29-ին ժամը 15։00 –ից սկսած փառատոնային ծրագիր կշարունակվի Երևանում՝ Հայաստանի կինոգործիչների միությունում, «Կիրովի» անվան մանկական զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան մրցութային ֆիլմերի ցուցադրությունները։ Հունիսի 30-ին փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա «Կիրովի» անվան մանկական զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում։
Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն անվճար է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը: