Երևանում մեկնարկել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովը

5 րոպեի ընթերցում

Կառուցողական քննարկումների, արձանագրված հաջողությունների ամփոփման և ապագայի տեսլականների շուրջ համագործակցության կարևոր հարթակ. Երևանում մեկնարկել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ողջունելով  համաժողովի մասնակիցներին, նշեց՝  լիահույս է, որ համաժողովն այս տարի ևս կդառնա բաց և կառուցողական քննարկումների հարևոր հարթակ:

«Երեք տարի առաջ մենք միացանք Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի կողմից նախաձեռնված «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա»-ին՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել գործընկեր կառավարությունների, Աշխատանքի միջազգային կազմակերպության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ՝ ի նպաստ համաշխահային և ազգային սոցիալական արդարության օրակարգի:

Այսօր մեր ջանքերը շարունակվում են ուղղված լինել նրան, որ յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, տարիքից, կարողություններից և սոցիալական կարգավիճակից, ունենա արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով ապրելու հավասար հնարավորություն»,-ասաց նախարարը:

Նախարարը վստահեցրեց, որ առանց մարդկային եղբայրության գաղափարի սոցիալական արդարության հասնելը ոչ միայն դժվար է, այլ նաև անկարելի: 

«Անկախ սոցիալական դիրքից, կրոնից կամ մշակութային տարբերություններից արդարության գաղափարը կմնա  զուտ տեսություն, քանի որ մարդկային եղբայրությունն այն բարոյական հիմքն է, որի վրա պետք է կառուցվեն համերաշխ հասարակությունները: 

Այս նպատակով մշակվել է 2025-2031 թվականների զբաղվածության ռազմավարական ծրագիրը, որով առանձնացվել  են կարևոր թիրախային խմբեր՝ 18-29 տարեկան չսովորող և չաշխատող երիտասարդներ, միջին տարիքի չաշխատող կանայք, սոցիալական աջակցություն ստացող աշխատունակ շահառուներ: Փաստաթուղթը միտված է վերջիններիս տնտեսական ակտիվացմանը, կրթությանը և վերապատրաստմանն՝ աշխատաշուկայում  ինտեգրման միջոցով»,-նշեց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ նախարարության  նպատակը քաղաքացիներին կախվածության մեջ պահելը չէ, այլ տալ հնարավորություն՝ սեփական աշխատանքով կերտելու բարեկեցիկ ապագա:

Նախարարը կարևորեց նաև, որ ժամանակակից միտումներին զուգընթաց Հայաստանը կիրառում է արհեստական բանականություն և թվային գործիքներ, որոնց միջոցով բարձրացվում է սոցիալական ծառայությունների արդյունավետությունը, խթանվում են համայնքների միավումը, կառուցվում  է արդար ու հոգատար թվային հասարակություն:

«Մեր կառավարության կողմից իրականացվող համապարփակ աջակցման միջոցառումները՝ ներառյալ միանվագ ֆինանսական օգնություն, վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում, բնակարանային հավաստագրեր մասնագիտական ուսուցումով և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների իրավական պաշտպանությունը վկայում են, որ մարդկային եղբայրությունը մեզ համար արժեք չէ միայն խոսքում, այլև առօրյայում իրականացվող կոնկրետ քաղաքականություն:

Հայաստանը նույն  մարդասիրական ոգով շարունակում է աջակցել նաև օտարերկրյա փախստականներին և ապաստան փնտրող անձանց՝ ապահովելով կացության, առողջապահության, կրթության, իրավաբանական օգնության և սոցիալական ծառայությունների հասանելիություն»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Նարեկ Մկրտչյանը նշեց, որ առանձնակի կարևորվում է հաշմանդամություն ունեցող անձանց  սոցիալական ներառմանն և նրանց կյանքի որակի բարելավմանն  ուղղված բարեփոխումները՝ ընդգծելով, որ այս նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-27 թվականների համալիր ծրագիրը, որի նպատակն է ապահովել այդ խմբի լիիրավ մասնակցությունը երկրի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքին, հաղթահարելով ներառականության խոչընդոտները:

«Խրախուսում եմ բոլորիս այսօրվա ակտիվ մասնակցությունը համաժողովին՝ ձևավորելու այնպիսի քաղաքականություններ ու գործընկերություններ, որոնք կխթանեն սոցիալական արդարության, մարդկային եղբայրության և համերաշխության գաղափարները: Եվ պատահական չէ, որ մենք այս տարի մեր համաժողովի հիմնական առանցքում որպես գաղափարական առանցք դրել ենք հենց  մարդկային եղբայրության գաղափարը»,-եզրափակեց Նարեկ Մկրտչյանը:

Հայերեն Русский

Չինաստանի նախագահը Եգիպտոս այցի ընթացքում կոչ է արել մշակել Մերձավոր Արևելքի անվտանգության նոր շրջանակ

Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ

Կառավարությունը սեպտեմբերին կշարունակի գյուղարտադրանքի որոշակի տեսակների արտահանման ծախսերի փոխհատուցման տրամադրումը

50 նոր դպրոցի կառուցում՝ ԱԶԲ-ի ծրագրով. Կառավարության որոշում

Չեխիայի նախագահական պալատում տեղի ունեցավ Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Քաջարանի թունելի շինարարության տեխհսկողության հարցով պայմանագրային բանակցություններ են կայացել ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ

Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ. Նիկոլ Փաշինյան

Հայ և թուրք գործարարները շարունակում են համագործակցել՝ չնայած փակ սահմանին․ ՀԱԳՄ նախագահ

Թմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 5 անձի մասով