«Նոր գիրք»-21/25. Աբգարյան, Լըբլան, Արիստոտել
3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն. Նարինե Աբգարյան, «Ապրել»
Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքը 31 պատմվածքների ժողովածու է։ Բերդ քաղաքի մարդկանց մասին է, ովքեր կրում էին Արցախյան առաջին պատերազմի զրկանքները։ Իրենց առօրյայով, ցավերով ու հույսերով ապրող տավուշեցիների պատմություններն են։ Գիրքը պատերազմից փրկվածների մասին է ու նրանց մասին, ովքեր դարձան այդ արհավիրքի զոհը։ Հեղինակն ասում է՝ պատերազմի մասին գրելը նշանակում է նայել մահվան աչքերի մեջ ու փորձել չփախցնել հայացքը։ Չէ՞ որ ինքդ քեզ կդավաճանես, եթե չկարողանաս ուղիղ նայել։ Կյանքը մահից արդար է․ սա է ճշմարտությունը։ Սրան պետք է հավատալ՝ ապրել կարողանալու համար։ Թարգմանիչ` Նարինե Գիժլարյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:
Մանկապատանեկան գրականություն . Կատրին Լըբլան, Էվ Տառլե, «Շատ մե՞ծ եմ, թե՞ շատ փոքր»
Արջուկ Մարտինն ուզում է ամեն ինչ փորձել, բայց ծնողներն ասում են՝ երբեմն շատ մեծ ես դրա համար, երբեմն՝ շատ փոքր։ Իսկ ի՞նչ անել, երբ երբեք «ճիշտ չափսը» չունես։ Հնարավո՞ր է արդյոք ցույց տալ մեծերին, թե որքան բարդ է ամեն բանի համար «չհարմարվել» տարիքով։
Էվ Տառլեի հիասքանչ նկարազարդումներով արջուկի ընտանիքը ձեզ անմիջապես հարազատ կդառնա։ Գիրքը կօգնի փոքրիկներին հաղթահարել «մեծանալու» դժվարությունները ծիծաղով, ըմբռնումով ու սիրով։ Թարգմանիչ՝ Լիանա Սաֆարյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Փաստավավերագրական գրականություն. Արիստոտել, «Պոետիկա»
Գիրքն ընդգրկում է Արիստոտելի (մ.թ.ա. 384-322 թթ.) «Պոետիկա» («Բանաստեղծական արվեստի մասին») երկի հայերեն առաջին բնագրային թարգմանությունը՝ առաջաբանով և մանրամասն ծանոթագրություններով: Այս փոքրածավալ , բայց անկյունաքարային աշխատությունը, որտեղ քննվում են դրամատուրգիայի (մասնավորապես ողբերգության ժանրի) և առհասարակ գրականության տեսության խնդիրներ, հսկայական ազդեցություն է թողել գրականագիտության պատմության վրա: «Պոետիկա»-ն դարեր շարունակ եղել և մնում է բուռն քննարկումների ու բանավեճերի առարկա, և Արիստոտելի շատ դրույթներ առ այսօր չեն կորցրել իրենց արդիականությունը : Հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը: