Podcast-Հարց բժշկին. սրտի ստենտավորումը ոչ միայն կարող է փրկել բուժառուի կյանքը, այլև նրան վերադարձնել առօրյա կյանք
2 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին կտրուկ ավելացել են սիրտ-անոթային խնդիրները, բայց դրան զուգահեռ նաև արագ զարգանում է բժշկությունը՝ թույլ տալով ավելի հեշտ ու արագ ճանապարհով լուծել մի շարք սիրտ-անոթային խնդիրներ:
Սիրտ-անոթային խնդիրների ժամանակակից հետազոտությունների և միջամտությունների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում մանրամասն զրուցել ենք «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Սիրտ-անոթային կենտրոնի ինտերվենցիոն սրտաբան Դավիթ Հայրապետյանի հետ:
Մասնագետը նշեց՝ հանրությունը շատ հաճախ չի տարբերում և հստակ չի պատկերացնում, թե միջամտությունը ինչ նպատակով է իրականացվում. «Օրինակ՝ շատ հայտնի մեթոդներից ստենտավորումը և կորոնարոգրաֆիան (զոնդավորում) հանրության մեծ մասը միմյանցից չի տարբերում:
Նշեմ, որ կորոնարոգրաֆիան դիագնոստիկ հետազոտություն է, որի ժամանակ մենք նկարում ենք սրտի պսակաձև զարկերակները հատուկ կոնտրաստ նյութով, իսկ ստենտավորումը փակ միջամտություն է անոթի ներսում: Այսինքն, երբ մենք կատարում ենք կորոնարոգրաֆիա և տեսնում ենք նշանակալի նեղացումներ, արդեն կատարում ենք ստենտավորում»:
Հայրապետյանի խոսքով՝ ստենտավորում իրականացնում են, երբ տեսնում են սրտի սնուցող զարկերակների հիսուն տոկոսից ավելի նեղացում, որը կարգավորում է անոթի անցանելիությունը:
Բժիշկը ընդգծեց՝այս երկու միջամտություններից հետո էլ բուժառուն կարող է վերադառնալ իր սովորական առօրյային, քանի որ սրանք միտված են ապահովելու մարդու կյանքի բարձր որակը:
Սիրտ-անոթայի խնդիրների ժամանակ կիրառվող նորարարական մեթոդների և մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը:
Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները