Կրթություն

ԵՊԲՀ-ն կունենա նոր գերժամանակակից գրադարան. նախագիծն արդեն մեկնարկել է

6 րոպեի ընթերցում

ԵՊԲՀ-ն կունենա նոր գերժամանակակից գրադարան. նախագիծն արդեն մեկնարկել է

Ժամանակակից և ոգեշնչող ուսումնական ու հետազոտական միջավայր Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ). բուհում մեկնարկեց  նոր գրադարանի վերափոխման և արդիականացման  նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊԲՀ գրադարանի վերափոխման նախաձեռնությունն իրականացվում է «Կերոն» զարգացման հիմնադրամի կողմից՝ համագործակցելով միջազգային հեղինակություն ունեցող նիդեռլանդական Defesche van den Putte (DVDP) ճարտարապետական ընկերության հետ, որը հայտնի է իր բազմաբնույթ նորարարական նախագծերով քաղաքաշինության, կրթական, մշակութային ոլորտներում։ Նրանց նախագծերի շարքում են Ռոտերդամի Էրազմուս համալսարանի, Մաստրիխտի համալսարանի, Հաագայի թագավորական գրադարանները և այլն: 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին շնորհակալություն հայտնեց գործընկերներին, ովքեր շատ հստակ և միանշանակ որոշում կայացրեցին Բժշկական համալսարանում ստեղծել նոր միջավայր։

«Այո, սա ոչ միայն գրադարան, այլ նոր ուսանողական միջավայրը է լինելու։ Սա հնարավորություն է, որ մեր ուսանողությունը իրեն անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման հնարավորություն ունենա համալսարանի պատերի ներքո։ Սա միջավայր է, որը թույլ է տալու մեր ուսանողներին իրենց իսկ բուհում ստանալ այն ամենը, ինչ որ նրանք կարող էին փնտրել և գտնել այլ աղբյուրներից, այլ միջավայրում։ Երբ լինում ես աշխարհի առաջատար բուհերում և գիտակցում ես, որ ցանկություն ունես նորից դառնալ ուսանող, դա  նշանակում է, որ այդ բուհում այնպիսի միջավայր է, որ ուզում ես նորից ու նորից կրթվել։ Եվ այս գաղափարին է,  որ սատարեցին մեր «Կերոն»  հիմնադրամի գործընկերները, կառավարությունը և  նախարարությունները»,- ընդգծեց ռեկտորը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժանն Անդրեասյանն էլ ընդգծեց՝ ուրախ է ներկա գտնվել  մի ծրագրի մեկնարկի, որի շրջանակներում փոխում է գրադարանի հանրային ընկալումը։

«Իրականում գրադարանները տարածքներ են, որոնք երբեք չպիտի փակվեն, որտեղից երբեք չպիտի ուզենաս դուրս գալ, որտեղ դրանք նորը բացահայտելու, անընդհատ աշխարհը ուսումնասիրելու, ճանաչելու և պրպտելու տարածքներ են: Եվ վստահ եմ, որ Երևանի պետական բժշկական համալսարանում գրադարանը լինելու է հենց այդպիսին: Կարծում եմ, որ արդեն իսկ այն խումբը, որը ներգրավված է այս ծրագրի իրականացման շրջանակներում, տալիս է բոլոր հիմքերը վկայելու, որ կարճ ժամանակ անց մենք ներկա ենք լինելու օրինակելի և ուղենշային մի տարածքի բացման, որտեղ, կարծում եմ, նաև սովորելու ենք, թե ինչպես նման գրադարաններում աշխատել, հետազոտել, կառավարել, նորացնել, որովհետև յուրաքանչյուր ստանդարտ նաև անընդհատ թարմացման ու զարգացման կարիք ունի»,- ընդգծեց նախարարը:

Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց «Կերոն»-ին՝ նշելով, որ հիմնադրամի հետ արդեն համագործակցության մեծ պորտֆել ունեն, և դրանք բոլորն էլ հպարտանալու ծրագրեր են:

«Դրանք բոլորը նաև հանրային առումով շատ լուրջ վարկանիշ ունեցող ծրագրեր են մշակույթի և սպորտի ոլորտում, ու շատ ուրախ եմ, որ այդ համագործակցությունը ընդգրկում է նաև բուհական համակարգը»,- ասաց Անդրեասյանը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես կարևորեց նոր նախագծի մեկնարկը՝ նշելով, որ այստեղ ստացած ամեն գիտելիքը, կարդացած ավել գիրքը և միասին կատարած խմբային աշխատանքը, ի վերջո, անդրադառնալու է  բուժառուների առողջության և առողջապահական ծառայությունների որակի վրա:

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն էլ ընդգծեց՝ Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի վերակառուցումը նպատակ ունի այն վերափոխել ժամանակակից և ոգեշնչող ուսումնական ու հետազոտական միջավայրի:

«Ծրագրի ավարտին  ուսանողներն ունենալու են մի տարածք, որը լինելու է գերժամանակակից,  ներկա 600 քառ մետր տարածք զբաղեցնող գրադարանի փոխարեն 3000 քառ մետր տարածք զբաղեցնող, գերհագեցած, թվայնացված, բաց և փակ դահլիճներով, անհատական պարապմունքների սենյակներով, խմբակային պարապմունքների սենյակներով մի տարածք, որն ավելին է լինելու, քան գրադարան։ Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ դուք ոչ միայն կկրթվեք, այլ նաև հնարավորություն կունենաք անմիջական շփվելու, ստեղծագործելու,  ընկերներ ձեռք բերելու, միգուցե նաև սիրահարվելու»,- նշեց հիմնադրամի գործադիր տնօրենը:

Արարքցյանի խոսքով՝այս նախագծի համար հրավիրել են Նիդեռլանդներից իրենց լավագույն գործընկերներին, ովքեր աշխարհի առաջատար համալսարանների հենց գրադարանային ճարտարապետության մեջ են մասնագիտացած։ 

ԵՊԲՀ գրադարանի վերափոխման նախաձեռնությանը նվիրված միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև նոր գրադարանի նախագիծը, տեխնիկական լուծումները, նպատակներն ու ակնկալվող ազդեցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում