Կառավարությունը աջակցություն կտրամադրի անապահով շահառուներին աշխատանք առաջարկող գործատուներին
3 րոպեի ընթերցում

Կառավարությունը կաջակցի այն գործատուներին, ովքեր պատրաստ են աշխատանքի ընդունել նոր անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված շահառուներին։ Աջակցության տրամադրման նպատակը շահառուների տնտեսական ակտիվացումն ու կայուն զբաղվածության ապահովումն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հունիսի 12-ի նիստում այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ ներկայացնելով Կոտայքի և Սյունիքի մարզերում փորձարկվող նոր ծրագրի մանրամասները։
«Ծրագիրը նախատեսում է աջակցություն երեք ուղղությամբ՝ ուսուցում և աշխատանքի ընդունում, աշխատանքային փորձի ապահովում և շարունակական աշխատանք, պարզապես աշխատանքի ընդունում։
Առաջին՝ եթե գործատուն նախ ուսուցում է կազմակերպում շահառուի համար, ապա պետությունը կփոխհատուցի մինչև 250,000 դրամ կրթական ծախսերը, և վեց ամսով կփոխհատուցի աշխատավարձից հաշվարկվող հարկերն ու պարտադիր վճարները՝ ամսական մինչև 50,000 դրամի չափով։
Երկրորդ՝ երեք ամսվա ընթացքում գործատուն կարող է շահառուին տրամադրել պրակտիկա, որի համար կստանա աշխատավարձի ամբողջական փոխհատուցում՝ ամսական 165,000 դրամի չափով (ներառյալ հարկերը), դրան հաջորդող երեք ամիսներին կտրամադրվի մինչև 50,000 դրամ աջակցություն՝ հարկային վճարների փոխհատուցման համար։
Երրորդ՝ եթե շահառուն ընդունվում է աշխատանքի առանց վերոնշյալ փուլերի՝ 6-11 ամսվա պայմանագրի դեպքում կտրամադրվի աշխատավարձի 50 տոկոսի սուբսիդավորում, բայց ոչ ավելի քան 50,000 դրամ ամսական, 12 և ավելի ամսվա պայմանագրի դեպքում՝ աշխատավարձի 70 տոկոսի սուբսիդավորում, բայց ոչ ավելի քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75,000 դրամ»,-ասաց Ժամակոչանը։
Ծրագիրը կիրագործվի e-work.am պլատֆորմի միջոցով, որը համադրում է գործատուներին և աշխատանք փնտրողներին։ Միջոցառման իրականացման ընթացքում կիրականացվեն վերահսկողության և ռիսկերի զսպման մեխանիզմներ՝ խախտումների դեպքում հետգանձման հնարավորությամբ։
Նախաձեռնությունը բխում է կառավարության կողմից հաստատված 2025-2031 թվականների զբաղվածության ռազմավարությունից և նոր անապահովության համակարգի բարեփոխումների շրջանակից։