Մշակույթ

Չինարեն սովորողները ապագայում կդառնան Չինաստանի և Հայաստանի բարեկամության ժառանգորդներն ու շինարարները․ Լի Սինվեյ

7 րոպեի ընթերցում

Չինարեն սովորողները ապագայում կդառնան Չինաստանի և Հայաստանի բարեկամության ժառանգորդներն ու շինարարները․ Լի Սինվեյ

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը համատեղ անցկացրեցին «Չինական կամուրջ» չինարենի միջազգային մրցույթի հայաստանյան փուլը, որին մասնակցում էին ինչպես ուսանողներ, այնպես էլ դպրոցականներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Չինական կամուրջը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն չինարենի մրցույթներից մեկը՝ նախատեսված չինարեն սովորող օտարերկրացի ուսանողների համար։

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյն իր ելույթում նշեց, որ Հայաստան ժամանելու պահից անցել է ավելի քան մեկ ամիս և այդ ընթացքում իրեն խորապես տպավորել են Հայաստանի հինավուրց քաղաքակրթությունը, նրա գեղեցիկ բնապատկերները և բարեհամբույր մարդիկ։ Դեսպանի կարծիքով՝ ամենապարզ հաղորդակցությունն անգամ վառ կերպով ընդգծում է լեզվի՝ որպես մշակույթների միջև կամուրջի կարևոր դերակատարումը և արտացոլում Չինաստանի ու Հայաստանի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը։ 

«Լեզուն մտքի և մշակույթի կրողն է։ Չինական քաղաքակրթության վառ պատմության ավելի քան հինգ հազար տարվա ընթացքում՝ լինի դա համբերության իմաստությունը, արտահայտված «ներդաշնակություն՝ բազմազանության դեպքում» գաղափարում, կամ «մյուսին մի արա այն, ինչ չես ցանկանա քեզ» կյանքի կանոնը, ինչպես նաև Տան դինաստիայի պոեզիայի և Սուն դինաստիայի բանաստեղծությունների ռոմանտիկ մթնոլորտը, և մարդու ու բնության միասնության մասին խորքային փիլիսոփայական մտքերը՝ բոլորը արտացոլվում են չինարեն լեզվում։ Չինարենի ուսուցումն օգնում է մարդկանց ավելի խորությամբ հասկանալ հարուստ չինական մշակույթը, ներթափանցել չին ժողովրդի հոգևոր աշխարհ և դառնալ մեր երկրների միջև ժողովրդների փոխանակումների դեսպաններ։ Դա նաև ամուր ժողովրդական հիմք է ստեղծում Չինաստանի և Հայաստանի միջև մշակութային փոխանակումների և փոխուսուցման համար»,- ասաց Լի Սինվեյը։

Նրա բնորոշմամբ՝ «Չինարենի կամուրջը» կառուցված յուրաքանչյուր հիերոգլիֆից, յուրաքանչյուր հնչյունից՝ իր մեղեդիով և ռիթմով, յուրաքանչյուր մշակութային էջից, լի իմաստությամբ, արդեն դարձել է սրտերի, մշակույթի և բարեկամության կամուրջ, որը միացնում է Չինաստանն ու ամբողջ աշխարհը։ Դիվանագետի խոսքով՝ այն վառ օրինակ է դարձել նախագահ Սի Ծինփինի կողմից առաջարկված գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունում աշխարհի քաղաքակրթությունների բազմազանության հանդեպ հարգանքի և քաղաքակրթությունների հավասարության, փոխուսուցման, երկխոսության և համբերատարության սկզբունքների պահպանման։

«Մենք պատրաստ ենք մեր հայ բարեկամների հետ միասին ջանքեր գործադրել՝ նոր էջ բացելու հումանիտար փոխանակումների, մշակութային միահյուսման և մեր ժողովուրդների միջև մերձեցման գործում՝ նպաստելով հայ-չինական բարեկամական հարաբերությունների նոր մակարդակի բարձրացմանը։ Մենք նաև խրախուսում ենք ավելի ու ավելի շատ հայ երիտասարդների ուսումնասիրել չինարենը և ծանոթանալ չինական մշակույթին, որպեսզի ապագայում դառնան Չինաստանի և Հայաստանի բարեկամության ժառանգորդներն ու շինարարները»,- եզրափակեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն իր հերթին նշեց, որ երրորդ անգամ է ականատես լինում մրցույթին և շատ տպավորված է արդյունքներով։

«Չինարենի ուսուցումը Հայաստանում ինձ մոտ մտովի զուգորդվում է Հայաստանի անկախության հետ, և դա երեսուն տարվա հաջողությունների պատմություն է։ Մեր երեխաներն ու ուսանողներն այնքան վարժ սովորում են չինարեն և հետո խոսում ու կարդում այդ լեզվով, որ զարմանում ես՝ այդքան դժվար լեզու և այդքան աշխատանքի դիմաց տրվող վայելք։ Մեզանում չինարեն սովորողներն ինչ-որ առումով հիշեցնում են չինացիներին, որովհետև զուսպ են, համեստ և խոնարհ են, ու ամենակարևորը՝ աշխատասեր են։ Չինարենի միջոցով մարդկանց առջև կբացվի հազարամյա մշակույթ և պատմություն ունեցող հզոր մի երկիր՝ Չինաստանը, և նրանք չինարենի հետ բարձր կճախրեն»,- ասաց Գյուրջինյանը։

Նա տեղեկացրեց, որ վերջերս Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ամփոփվեց չինարենի միջհամալսարանական օլիմպիադան, որտեղ հաղթողը երկրորդ անգամ էր մասնակցում մրցույթին, բայց իր ջանք ու եռանդի շնորհիվ ի վերջո հասավ մեծ հաջողության։ Դիմելով մասնակիցներին՝ Գյուրջինյանն ասաց, որ նրանք արդեն ներկա գտնվելով տվյալ կարևոր միջոցառմանն արդեն իսկ կարող են իրենց հաղթող համարել, որովհետև լավագույնների մեջ են։ 

«Չինական կամուրջ» չինարենի միջազգային մրցույթի հայաստանյան փուլին մասնակցեցին 5 ուսանողներ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Հայաստանում եվրոպական քոլեջից և Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջից, հինգ դպրոցականներ Հայ-չինական բարեկամության դպրոցից, Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջից, Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցից, Գյումրու ակադեմիական վարժարանից և Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցից, տարրական դասարանների հինգ աշակերտներ Երևանի Ռաֆայել Իշխանյանի թիվ 153 հիմնական դպրոցից, Հայ-չինական բարեկամության դպրոցից, Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցից, «Գոլբալ Բրիջ» կրթահամալիրից և Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրից։ 

Մրցույթի մասնակիցները ներկայացրեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները, արտասանեցին ողջույնի ճառեր, ասմունքեցին, երգեցին, կազմակերպեցին բեմական փոքրիկ ներկայացումներ և այդ ամենը, բնականաբար, արեցին չինարենով։ 

Մրցույթի արդյունքներով հաղթողներ ճանաչվեցին Երևանի պետական համալսարանի ուսանող Լաուրա Առաքելյանը, Գյումրու ակադեմիական վարժարանի սան Սոս Վարդանյանը և Նոր Հաճնի թիվ մեկ դպրոցի աշակերտ Ռոբերտ Զախարյանը։ 

Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին հատուկ մրցանակներով՝ գավաթներով, մեդալներով ու պատվոգրերով։ Նրանք կմեկնեն Չինաստան և այնտեղ Հայաստանը կներկայացնեն «Չինական կամուրջ» չինարենի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում։  

 

 

 

 

 

  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում