Մեքսիկայի ընդհատակյա լաբորատորիաներում առգրավվել է 42 տոննա մետամֆետամին
1 րոպեի ընթերցում

Թմրամիջոցների արտադրության հինգ ընդհատակյա լաբորատորիա է հայտնաբերվել Միչոականի նահանգում Մեքսիկայի ուժային կառույցների համատեղ գործողության ընթացքում, որը գլխավորել են ռազմածովային ուժերի նախարարության աշխատակիցները: Այդ լաբորատորիաներում առգրավվել է ավելի քան 42 տոննա մետամֆետամին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Անվտանգության ազգային ռազմավարության իրականացման շրջանակներում…. Միչոականի նահանգի Մադերոյի և Մորելիայի մունիցիպալիտետներում հայտնաբերվել է հինգ օբյեկտ, որոնք օգտագործվել են որպես ընդհատակյա լաբորատորիաներ մետամֆետամինի արտադրության համար…. Գործողության ընթացքում առգրավվել է մոտ 42,24 տոննա մետամֆետամին», - համատեղ հայտարարության մեջ նշել են ուժային գերատեսչությունները:
Փաստաթղթում նշվում է, որ խուզարկությունների ընթացքում առգրավվել է 44 տակառ մեթիլամին՝ յուրաքանչյուրը 200 լիտր ծավալով, ինչպես նաև սինթետիկ թմրանյութերի արտադրության համար նախատեսված տարբեր սարքավորումներ:
Իշխանությունների տվյալներով՝ հանցավոր խմբավորումներին պատճառված տնտեսական վնասը կազմել է մոտ 1,06 միլիարդ պեսո (մոտավորապես 55,6 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով):