Իրավունք

Երևանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

2 րոպեի ընթերցում

Երևանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ են ստացել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվել է ապօրինի թմրաշրջանառությամբ, ապօրինի պահել զենք-զինամթերք։

«Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։
Մինչ տարածքային քննչական մարմնի ծառայողները, քրեական վարույթի շրջանակներում, կիրականացնեին անհետաձգելի ապացուցողական գործողություններ՝ Էրեբունու համայնքային ոստիկանները հսկողության տակ առան Երկաթուղայինների փողոցի բնակչի տունը։

Ոստիկանության և Քննչական կոմիտեի համագործակցված աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերեցին էլեկտրական կշեռք, պլաստիկ տարաների մեջ լցված մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 1 կիլոգրամ 100 գրամից ավելի քաշով, մեկ փաթեթ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, թափանցիկ հեղուկով լցված ապակյա հինգ սրվակ, ինչպես նաև ինքնաշեն չորս ատրճանակ, գրչանման կրակող երկու սարք, պայթուցիչով նռնակ և փամփուշտներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ 48-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում