Մերձավոր Արևելք

Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գազա ուղևորվող «Մադլին» նավի վրա, որում գտնվում էր էկոակտիվիստ Գրետա Թունբերգը

2 րոպեի ընթերցում

Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գազա ուղևորվող «Մադլին» նավի վրա, որում գտնվում էր էկոակտիվիստ Գրետա Թունբերգը

Հունիսի 9-ի գիշերը Իսրայելի ռազմածովային հրամանատարությունը վերահսկողություն է հաստատել Գազայի ափ ուղևորվող «Մադլին» նավի նկատմամբ, որի տախտակամածին գտնվող 12 ակտիվիստների շարքում էր նաև շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ynet-ը:

Իսրայելական ուժերը նավը կուղղորդեն դեպի Աշդոդի նավահանգիստ։

Թունբերգը հայտարարել է, որ Իսրայելի ուժերն «առևանգել են» իրենց։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «Մադլին»-ը վերաուղղորդվել է դեպի Իսրայելի ափեր, և ակնկալվում է, որ նրա ուղևորները կվերադառնան իրենց երկրներ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը  X-ում գրել է, որ նավը կալանելու գործողությունն իրականացվել է միջազգային իրավունքի լիակատար պահպանմամբ։ 

«Իսրայելը կշարունակի վճռականորեն ճնշել իր անվտանգությունը խաթարելու ցանկացած փորձ՝ ցամաքում, օդում և ծովում», - նշել է նա։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել է ԻՊԲ-ին «Մադլին»-ի ուղևորներին ցույց տալ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված կոտորածի «սարսափելի կադրերը»։

Նավը փորձում էր Գազայի հատված հասցնել խորհրդանշական քանակությամբ մարդասիրական օգնություն, այդ թվում՝ բրինձ և մանկական սնունդ։ 

Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հայտարարել էր, որ թույլ չի տա նավին հասնել Գազայի հատված։ 

«Հակասեմական Գրետային և ՀԱՄԱՍ-ի աջակիցներին ես հստակ կասեմ հետևյալը. դուք պետք է հետ շրջվեք, քանի որ չեք հասնի Գազա, - զգուշացրել էր Կացը։ - Իսրայելը վճռականորեն կգործի շրջափակումը խախտելու կամ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու ցանկացած փորձի դեմ՝ լինի դա ծովով, օդով, թե ցամաքով»։

Թունբերգից բացի, նավի վրա կա անձնակազմի ևս 11 անդամ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի անդամ Ռիմա Հասանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում