Իրավունք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանել է ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանել է ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության կապակցությամբ պարզաբանում է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Նեֆրիտ Մայնինգ» ՍՊ ընկերության գրասենյակում, որտեղ հայտնաբերվել են վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, խուզարկության ընթացքում պարզվել է, որ նույն ընդհանուր աշխատասենյակում է գտնվել նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի աշխատանքային սեղանը, որի մասին տեղեկանալով՝ վարույթն իրականացնող քննիչն այդ հատվածը  չի խուզարկել, այդ հատվածից համակարգիչներ կամ այլ իրեր չի վերցրել (քննչական գործողությունն ամբողջությամբ տեսաձայնագրվել է)։

«Միևնույն ժամանակ, տեղեկացվում է, որ եթե պարզվի, որ «Նեֆրիտ Մայնինգ» ՍՊ ընկերության զբաղեցրած հատվածից վերցված համակարգիչներից որևէ մեկը պատկանում է վարույթի հետ առնչություն չունեցող անձի, ապա այն կվերադարձվի վերջինիս՝ խստորեն պահպանելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիության և դրա պաշտպանության երաշխիքները։ 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց»,- ասվում է պարզաբանման մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում