Բարձր տեխնոլոգիաներ

ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք». ամփոփվել են ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք». ամփոփվել են ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել է «Ինժեներական քաղաք»՝ տեղում ծանոթանալու բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտին: Շրջայցին մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, շինարարական աշխատանքներն իրականացնող «Թունել Սադդ Արիանա» իրանական ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել շինարարական փուլերին, տարածքի ներքին կառուցվածքին և դրա նշանակությանը՝ որպես «Ինժեներական քաղաքի» կենտրոնական հանգույցներից մեկը: 

Շրջայցից հետո Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաքի» գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցության շրջանակն ու զարգացմանն ուղղված քայլերը։ 

Ըստ աղբյուրի՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է բիզնես աքսելերատորի շենքի դերը՝ որպես նորարական գաղափարների իրագործման և ինժեներական համայնքի ապագա հարթակ։ Նա նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցներին, ոլորտի գործընկերներին, շինարարական խմբին և ներգրավված բոլոր մասնակիցներին՝ ծրագրի կարևոր փուլի հաջող ավարտի համար։ Նախարար Հայրապետյանի խոսքով՝ շենքի պաշտոնական բացումը նախատեսվում է տարածքի բարեկարգումը և ներքին կահավորումն ավարտելուց հետո: 

Դեսպան Սոբհանին, իր հերթին, կարևորել է Իրանի և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, շնորհավորել բիզնես աքսելերատորի շենքի կառուցման ավարտի առթիվ՝ նշելով, որ այն տեխնոլոգիական կարևորագույն կենտրոն է Հայաստանում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում