Կրթություն

Մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովը՝ դառնալով կրթության ոլորտի կարևոր հարցերը քննարկելու հարթակ

5 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովը՝ դառնալով կրթության ոլորտի  կարևոր հարցերը քննարկելու հարթակ

Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովը, որն արդեն իսկ կարևոր հարթակ է դարձել կրթության ոլորտի հարցերի մասին բարձրաձայնելու և դրանք քննարկելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ տարեկան ուսուցչական համաժողովները իրականացնում են, քանի որ ուսուցիչներից  և դպրոցներից շատ բան ունեն լսելու և սովորելու: 

«Նման համաժողովները առաջին հերթին պետք է դառնան միմյանցից սովորելու, գաղափարներ կիսելու և կարևոր հարցերը միմյանց հետ քննարկելու հարթակ: Ես շատ  ուրախ եմ, որ երրորդ համաժողովին արդեն մեծ հետաքրքրություն ենք նկատում դպրոցների և ուսուցիչների կողմից, ինչը ցույց է տալիս, որ այս հարթակը իսկապես ստացված է: Այսօր խոսելու ենք ամենակարևոր խնդիրների մասին: 

Կրթության ոլորտում փոփոխություններն այնպես չէ, որ միայն նախանշված ճանապարհով են ընթանում, տեղի են ունենում բազմաթիվ հարակից փոփոխություններ՝ տեխնոլոգիական և տարբեր սոցիալական զարգացումներ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում կրթության ոլորտի վրա:  

Որոշ մարտահրավերների գիտենք ինչպես արձագանքել, բայց  որոշներին, ինչպիսին է արհեստական բանականությունը՝ ոչ այնքան: Դեռևս պարզ չէ, թե ինչպե՞ս պետք է փոխվի կրթությունը արհեստական բանականության գործիքների կիրառության ընթացքում, որն արդեն իսկ տեղի է ունենում՝ անկախ նրանից՝ մենք դա ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ»,- նշեց նախարարը: 

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց՝  հաշվի առնելով այս բոլոր փոփոխությունները՝ պետք է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի դպրոցի ու ուսուցչի դերը, և այստեղ յուրաքանչյուրի ստեղծագործական միտքը և քննարկումներին առավել բաց լինելը ավելի քան կարևոր է, որպեսզի հնարավոր լինի գտնել այդ հարցերի ճիշտ պատասխանները:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ ընդգծեց՝  ԵՊՀ-ն արդեն երրորդ անգամ մեծ ուրախությամբ ընդունում է այս համաժողովը՝ մեծապես արժևորելով որակյալ կրթությունը, իսկ որակյալ կրթության համար ամենակարևոր բաղադրիչը քննական մտածողությամբ նոր երիտասարդ սերունդն է, որը գալիս է դպրոցից դեպի համալսարան: 

«Այս իմաստով դպրոցի բարեփոխումները, կրթական նոր չափորոշիչները էական կարևորություն ունեն համալսարանում որակյալ կադրեր պատրաստելու համար: Բուհերի և դպրոցների աշխատանքը փոխկապակցված  է, որովհետև առանց մեկի՝ մյուսը հնարավոր չէ: Որքան դպրոցները ջանք են գործադրում որակյալ կադրեր պատրաստելու գործում, այնքան բուհերի գործը ավելի հեշտանում է, իսկ որակը բարձրանում»,- նշեց  ԵՊՀ ռեկտորը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը նշեց՝ շատ ուրախ է, որ հնարավորություն ունեն նպաստել Հայաստանում կրթական համակարգի բարելավմանը՝ հորդորելով բոլոր մասնագետներին համատեղել ավանդականը  նոր փոփոխությունների հետ՝  փորձելով  նորարարական մտածողություն ձևավորել: 

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի խոսքով՝ նոր տեխնոլոգիաները, իհարկե, ստեղծում են որոշակի վախեր, անհանգստություն, բայց դրա հետ մեկտեղ դրանք կարող են ծառայել որպես շատ լավ գործիք ուսուցչի առօրյա կիրառման համար: 

«Այս տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել մեր աշխատանքին՝ դասավանդմանը, եթե դրանք համատեղ առաջ քայլեն մանկավարժական զարգացման հետ: Մենք Եվրամիության և ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակներում  աշխատում ենք նպաստել դպրոցներում մանկավարժական այդ նոր մեթոդների, ինչպես նաև առաջնորդության և թվային  հմտությունների զարգացմանը»,- նշեց  Քրիստինե Վայգանդը: 

Համաժողովի շրջանակում անցկացվեց  նաև պլենար նիստ, որին մասնակցում էին  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:

Տեղի ունեցավ նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մենթոր դպրոցների պարգևատրման արարողություն: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում