Podcast. Մանկական գրքի 4-րդ փառատոնը երեխաներին կտեղափոխի գրականության թագավորություն. ի՞նչ նորություններ են սպասվում սիրված տոնին
6 րոպեի ընթերցում

Մանկական գրքի չորրորդ փառատոնը, որը կանցկացվի մայիսի 31-ին և հունիսի 1-ին Երևանի «Անգլիական» այգում, միտված է ամրապնդելու գրականության և ընթերցողների միջև կապը։ Այն գրքի թե՛ փոքրիկ, թե՛ հասուն երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալ ոլորտի նորություններին, հանդիպել հրատարակիչների, գրողների հետ, գրքերը ձեռք բերել զեղչերով՝ այդ ամենը համատեղելով հաճելի ժամանցի հետ։
Փառատոնն իրականացվում է «Զանգակ» գրատների ցանցի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
«Արմենպրես»-ը փոդքասթի շրջանակում Մանկական գրքի փառատոնի ձեռքբերումների, սպասվող միջոցառումների մասին զրուցել է «Զանգակ»-ի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանի հետ։
«Այս տարի փառատոնն ունի շատ հետաքրքիր ձեռագիր։ Երեխաներին խոստացել ենք, որ, գալով Մանկական գրքի փառատոնին, հայտնվելու են ոչ թե «Անգլիական» այգում, այլ մանկական գրքի թագավորությունում։ Այգին լինելու է թագավորական ոճավորմամբ։ Կլինի փողոցային թատրոն, որը Հայաստանում այնքան էլ տարածված չէ։ Ունենալու ենք արքայական շքախումբ՝ կազմված թատրոնների պրոֆեսիոնալ դերասաններից։ Շքախումբը շրջելու է այգում, ներկայացում է խաղալու, շփվելու է երեխաների հետ»,-պատմում է Օհանյանը։
Փառատոնն ունի հավատարիմ այցելուներ, որոնց համար ավանդույթ է դարձել երկու օր անընդմեջ գրքի տոնի մի մասը լինել, սակայն դա պատահական չէ, քանի որ արվում է ամեն բան, որպեսզի այցելուները ոչ միայն նոր գրքերի ծանոթանան, այլև հետաքրքիր ժամանց անցկացնեն՝ անվճար զիփլայն, սիրելի բենդերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, հանգստի ու սննդի գոտիներ և այլն։
Օհանյանը կարծում է՝ հատկապես Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, միջոցառումների միջև մրցակցություն կա։ «Փոքրիկները նախընտրում են ատրակցիոններ, խաղեր և այլն, և մենք արել ենք հնարավորը, որ նրանք իրենց նախապատվությունը տան գրական միջոցառմանը, ուստի պատրաստել ենք անակնկալներ՝ կինոդիտում, մուլտֆիլմի դիտում, քաղցր բամբակի, պաղպաղակի հյուրասիրություն։ Ցանկանում ենք՝ նրանք տեսնեն, որ գիրք կարդալը կարող է հաճելի լինել»,-նշում է Աստղիկը։
Փառատոնի տաղավարներում հրատարակիչները ներկայացնելու են մանկապատանեկան ուշագրավ գրքեր, որոնք վաճառվելու են զեղչերով։ Ըստ Օհանյանի՝ դա գրավիչ է, և ծնողներին հնարավորություն է տալիս մատչելի արժեքներով ձեռք բերել այն գրքերը, որոնք երեխաները կարդալու են ամառային արձակուրդների ընթացքում։
«Հիմնականում շատ են վաճառվում այն գրքերը, որոնք նոր են և այն գրքերը, որոնց շնորհանդեսները կազմակերպվում են փառատոնին, իսկ առհասարակ մանկական գրականություն գնելիս ծնողները նախապատվությունը տալիս են հայ հեղինակներին։ Գրքերի վաճառքներն էլ ցույց են տալիս, որ մանկական գրականությունը երբեմն ավելի շատ է վաճառվում, քան մեծահասակների համար նախատեսված գրքերը»,-ասում է Աստղիկը։
Նրա խոսքով՝ կան հեղինակներ, որոնք ակտիվ ստեղծագործում են, որոնց գրքերը բեսթսելերներ են դառնում, օրինակ՝ Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը» մի քանի անգամ վերահրատարակվել է, թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, մյուսը Լևոն Նեսի «Բալզակ. մի շան պատմություն» գիրքն է, որը ևս մեծ պահանջարկ ունի։ Օհանյանը կարծում է՝ գրքերի հաջողության գրավականը տաղանդն է։ Գրքերը և՛ հետաքրքիր բովանդակություն ունեն, և՛ գեղեցիկ նկարազարդումներ։ «Լավ գիրքը միշտ գտնում է իր ընթերցողին։ Մանկական գրականության դեպքում գիրքը հեշտ է տարածվում։ Ծնողները միմյանց խորհուրդ են տալիս այն ընթերցել, գրախանութներում ևս առաջարկում են, և գիրքը հաջողում է, իսկ այլ գրականության դեպքում այլ գործիքներ են անհրաժեշտ ընթերցողին հասնելու համար»,-հավաստիացնում է Աստղիկը։
Նա տեղեկացնում է՝ փառատոնին ներկա է լինելու նաև «Խաղողի երկիրը կամ խխունջի, խլուրդի ու խատուտիկի ճամփորդությունը» գրքի հեղինակ Օլգա Դարյանը, որին երեխաները հարցեր տալու հնարավորություն կունենան։
Ավանդույթի համաձայն՝ «Զանգակ» հրատարակչությունը փառատոնին կազդարարի նաև «Ամառային ընթերցանություն» ծրագրի մեկնարկը։ Ծրագրի շրջանակում երեխան կարող է կարդալ ու անվճար փոխանակել գրքեր, մասնակցել ամենաուրախ ու հետաքրքիր միջոցառումներին, գրական քննարկումների, դառնալ լավագույն ընթերցող։ «Ձևավորվում է ընթերցողական համայնք. երեխաները գրքերի մասին կարծիքներ են գրում, քննարկում, և ընթերցանությունը դառնում է ինտերակտիվ։ Վերջում մրցույթ է անցկացվում, որի հաղթողները նվեր են ստանում, ինչը երեխաներին ոգևորում է։ Յուրաքանչյուր գրախանութում կա գրատնակ, որում ծրագրի գրքերն են դրված։ Սեպտեմբերին գրատնակը տանում են այն դպրոց, որում սովորում է ծրագրի հաղթող երեխան»,-պատմում է Աստղիկ Օհանյանն ու հավելում՝ ընթերցող երեխաները բանիմաց քաղաքացիներ են դառնում։