Հարցազրույց

Կիպրոսի խնդրի միակ իրատեսական լուծումը միասնական պետության մոդելն է. Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավորի հարցազրույցը

7 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Գեադիս Գեադին կարծում է, որ Կիպրոսի խնդրի միակ իրատեսական լուծումը միասնական պետության մոդելն է։ 

Նրա խոսքով՝ պետք է հավատարիմ մնալ Եվրոպական միության սկզբունքներին ու արժեքներին՝ ժողովրդավարություն, խաղաղություն, ազատություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք, իսկ դա հնարավոր է միայն միասնական պետության պայմաններում, որտեղ ծագումով թուրք կիպրացիները լիարժեքորեն ինտեգրված կլինեն և խաղաղությամբ կապրեն՝ առանց ռասիստական բաժանումների։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Գեադիս Գեադին խոսել է Կիպրոսի խնդրից, այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումից, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականությունից՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում։  

-Ի՞նչ փուլում է ներկայում Կիպրոսի հարցը, և ի՞նչ իրատեսական լուծում եք տեսնում։ 

-Թուրքական ներխուժումը ծանր տառապանք է պատճառել Կիպրոսի Հանրապետությանը, որի հետևանքները զգում ենք 1974 թվականից մինչև այսօր։ Մենք շարունակում ենք բախվել Թուրքիայի ջանքերին, որոնց նպատակն է լեգիտիմացնել թուրքական ներխուժման արդյունքում ստեղծված փաստական իրավիճակը՝ կիրառելով բռնի ուժ։ Մենք կանգնած ենք հզոր արտաքին մեխանիզմի առջև, որը ղեկավարվում է Թուրքիայից և փորձում է օրինականացնել այս անօրինականությունները, որոնք բացահայտորեն խախտում են ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ Եվրոպական միության հիմնարար սկզբունքներն ու արժեքները։ 

Դուք ինձ հարցնում եք, թե ո՞րն է Կիպրոսի խնդրի իրատեսական լուծումը։ Ցավոք, արդեն երկար տարիներ է, ինչ Կիպրոսի բոլոր քաղաքական ուժերն ու հաջորդական կառավարությունները հետևել են սխալ քաղաքական ուղու՝ հիմնված երկգոտի, երկհամայնքային ֆեդերացիայի մոդելի վրա։ Այս մոտեցումը դե ֆակտո իրավիճակը վերածում է դե յուրե իրավիճակի՝ օրինականացնելով անօրինականությունը և գործնականում բաժանելով կղզին երկու մասի։ 

Մեր դիրքորոշումն է՝ պետք է հավատարիմ մնալ Եվրոպական միության սկզբունքներին ու արժեքներին՝ ժողովրդավարություն, խաղաղություն, ազատություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք։ Սա հնարավոր է միայն միասնական պետության պայմաններում, որտեղ ծագումով թուրք կիպրացիները լիարժեքորեն ինտեգրված կլինեն և խաղաղությամբ կապրեն՝  առանց ռասիստական բաժանումների։ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունն իսկ հստակ ասում է, որ լուծումը չպետք է հիմնված լինի տարածքային, կրոնական, լեզվական կամ էթնիկ բաժանումների վրա։ Ուստի, միակ իրատեսական, կենսունակ և գործուն լուծումը, որը ժամանակի փորձությանը դիմանալու համար պետք է լինի ժողովրդավարական, միասնական պետության մոդելն է։ Սա է այն մոտեցումը, որը մենք պաշտպանում ենք և այդ ուղու վրա պետք է դնենք Թուրքիային։ 

-Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի դիրքորոշումը Կիպրոսի խնդրի վերաբերյալ։

-Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա դիրքորոշումը Կիպրոսի հարցում, անկասկած, լուրջ խնդիրներ է առաջացնում։ Վերջերս ես բողոքագիր եմ ներկայացրել եվրոպական մարմիններին՝ ի պատասխան Ալիևի հայտարարությունների, որտեղ նա հայտարարեց, թե իր աջակցությունը կուժեղացնի կեղծ պետության ճանաչման ուղղությամբ՝ անտեսելով միջազգային իրավունքը։ Մենք ականատես ենք Թուրքիայի և Ադրբեջանի սերտ համագործակցությանը, որոնք շարժվում են նույն «լուծման» մոդելով։ Ադրբեջանը նույնպես աջակցում է թյուրքական պետություններին և նպաստում է Կիպրոսում Թուրքիայի կողմից ստեղծված ապօրինի անջատողական կառույցի լեգիտիմացման փորձերին։ Սա հստակորեն հակասում է միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին։ Ադրբեջանի միջոցով Թուրքիան փորձում է լեգիտիմություն ստանալ այս անօրինական կազմավորման համար։ 

Մեր պատասխանը պետք է հստակ լինի՝ պետք է մերժել այդպիսի ցանկացած քայլ, և բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքը։ Իհարկե, մենք չունենք կեղծ պատկերացումներ Ադրբեջանի վերաբերյալ. դուք ավելի լավ գիտեք, քան մենք, որ Ադրբեջանը չի հարգում ո՛չ մարդու իրավունքները, ո՛չ խաղաղությունը, ո՛չ էլ ազատությունը՝ նույնիսկ Հայաստանի ներսում։ Ուստի, չենք էլ ակնկալում, որ Ադրբեջանը Կիպրոսի հարցում կհարգի այդ արժեքները։

-Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ արտաքին քաղաքականությունը, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում։

-Ինչպես տեսնում եք, մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ Թուրքիան տեղ չունի Եվրոպական միությունում։ Խոսքը մի պետության մասին է, որը, ինչպես դուք լավ գիտեք, իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, նաև՝ ցեղասպանություն Կիպրոսի և Հունաստանի դեմ։ Սա պատմություն ունեցող երկիր չէ, սա քրեական անցյալ ունեցող երկիր է, և այն տեղ չունի ԵՄ-ում։ Մենք պետք է արգելակենք նրա ճանապարհը։

Վերջերս ես մասնակցեցի Եվրախորհրդարանի հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր Թուրքիայում մարդու իրավունքների վիճակը, որտեղ հստակ հարց բարձրացրեցի՝ ինչպե՞ս կարող է որևէ մեկն ակնկալել, որ Թուրքիան ներսում կհարգի իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները, երբ դրանք չի հարգում դրսում՝ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Հունաստանում, Կիպրոսում, Սիրիայում։ 

Ահա թե ինչու ինձ անհանգստացնում է այն փաստը, որ որոշ քաղաքական շրջանակներ փորձում են Թուրքիային ներառել պաշտպանական, ռազմական համագործակցության դոկտրինների մեջ՝ զինելով մի պետության, որը վերջում կարող է այդ զենքն օգտագործել եվրոպական երկրների, Հայաստանի կամ Իսրայելի դեմ։ Հետևաբար, որոշ մարդիկ պետք է դադարեն աչք փակել ու պետք է դիմակայեն իրական վտանգներին։

Մեր դերը մարդկանց պաշտպանելն է և կասեցնելն այնպիսի համագործակցությունները, որոնց ստեղծմանն են ձգտում ոմանք Թուրքիայի հետ։ Որովհետև մենք ոչ թե պետք է շահերը պաշտպանենք, այլ այն սկզբունքներն ու արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը։ 

Հակառակ դեպքում մենք պարզապես դառնում ենք շահերի միություն։ Մինչդեռ մեր նպատակը հստակ է՝ կառուցել ժողովուրդների միություն՝ հիմնված սկզբունքների և արժեքների վրա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում