ԳԱԱ պատմության ինստիտուտը զգալի ներդրում ունի հայոց ցեղասպանագիտության ոլորտում. Արմեն Մարուքյանը ներկայացրեց կատարված աշխատանքները
8 րոպեի ընթերցում

ԳԱԱ պատմության ինստիտուտը և մասնավորապես Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության պատմության բաժինը փոքրաթիվ գիտական անձնակազմով և համեստ հնարավորություններով զգալի ավանդ է ունեցել և շարունակում է ունենալ Հայոց ցեղասպանության պատմության հիմնախնդիրների ուսումնասիրության ոլորտում, ինչպես նաև գիտական համագործակցության ու գիտական կադրերի պատրաստման ուղղություններում իր ներդրմամբ նպաստում է ցեղասպանագիտության զարգացման գործին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում (ՀՑԹԻ) մեկնարկած «Հայոց ցեղասպանության մեկ դարը. Ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովում հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ղեկավար Արմեն Մարուքյանը։
Նա հիշեցրեց, որ 1992 թվականին ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ-ռուսական պատմական կապերի ուսումնասիրման բաժնում ձևավորվեց «Հայկական հարցը, Հայոց ցեղասպանությունը և մեծ տերությունները 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին» թեմատիկ խումբը, որի հիման վրա հետագայում ստեղծվեց Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժինը։
Ըստ Մարուքյանի՝ միանշանակ բնական պետք է համերել, որ նշված թեմատիկ խումբը ձևավորվեց հենց ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի ղեկավարած բաժնում, քանզի այդ հիմնահարցերը մշտապես եղել են նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում, ով հեղինակել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի առաջին գիտական հրատարակությունը։ Մարուքյանը ներկայացրեց ականավոր գիտնականի նաև մյուս արժեքավոր աշխատությունները։ Պատահական չէր, որ նշված թեմատիկ խմբի ղեկավար նշանակվեց դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանը, ով արդեն պատրաստել ու հրատարակման էր ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական փաստաթղթերի ժողովածուն։ Մարուքյանն անդրադարձավ նաև նրա ուշագրավ աշխատություններին։
«Կարող ենք արձանագրել, որ Ներսիսյանի ու Ստեփանյանի կողմից, որպես արդեն ձևավորված բաժնի ապագա հետազոտությունների ուղղություն, ԳԱԱ պատմության ինստիտուտում դրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ժողովածուների հրատարակման հիմքը»,- ասաց Մարուքյանը՝ հիշատակելով արժեքավոր մի քանի ժողովածուները, որոնք հրատարակվել են Վարդգես Միքայելյանի և Վարուժան Պողոսյանի ջանքերով։
Մարուքյանի տեղեկացմամբ՝ ԳԱԱ պատմության ինստիտուտում մշտապես իրականացվել են Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտություններ, որոնց թվում նա վկայակոչեց Հրաչիկ Սիմոնյանի, Լիլիթ Հովհաննիսյանի աշխատությունները։ Պատմության ինստիտուտում հետազոտական կարևոր ուղղություններից է նաև Արևմտյան Հայաստանի պատմական ժողովրդագրությունը, որի հիմքը դրվել է ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կողմից, ով նույնպես հրատարակել է պատմագիտական նշանակություն ունեցող կարևոր ու նշանակալի մենագրություններ, ինչպես նաև պատրաստել է մի շարք գիտական կադրեր։ Մելքոնյանի ղեկավարությամբ պաշտպանվել են Սեբաստիայի, Խարբերդի և Վանի նահանգների պատմական ժողովրդագրությանն առնչվող մի քանի թեկնածուական ատենախոսություններ։
«Մեր բաժնի հետազոտական ուղղություններից մեկն էլ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմագրության ուսումնասիրությունն է»,- մանրամասնեց բանախոսը՝ հիշատակելով մասնավորապես Նորայր Սարուխանյանի և Վարուժան Պողոսյանի կողմից հրատարակված աշխատությունները։
Մարուքյանը հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ բաժնի համար առաջնահերթություն դարձավ մարդկության դեմ ուղղված այդ ոճրագործության միջազգային ճանաչման, ինչպես նաև տվյալ հանցագործության հետևանքների հաղթահարման հնարավորությունների հետազոտման ուղղությունը, ուստի այդ առումով կարևոր են Բենիամին Պողոսյանի և Արմեն Մարուքյանի մենագրությունները։
«2020-23 թվականներին Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի և Արցախի հայաթափումից հետո ԳԱԱ պատմության ինստիտուտը համալրվեց արցախցի պատմաբաններով և բաժնի հետազոտական աշխատանքների շրջանակում ավելացավ նաև Ադրբեջանի կողմից Արցախում մարդկության դեմ կատարված հանցագործությունների ուսումնասիրման ուղղությունը։ Մեր բաժնի աշխատողները մշտապես հանդես են եկել Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության տարաբնույթ հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովներին, իսկ որոշ դեպքերում հենց իրենք են նախաձեռնել ու կազմակերպել այդ հիմնախնդիրներին նվիրված հանրապետական և միջազգային գիտաժողովներ»,- հայտնեց Մարուքյանը։
Այսպես՝ 2010 թվականին կազմակերպվեց «Մեծ Եղեռն. դատապարտումից հատուցում» խորագրով գիտաժողովը և հրատարակվեց միջոցառման նյութերի ժողովածուն։ 2014 թվականին Երևանում կայացավ «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը․ պատմություն և արդիական խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որի ամփոփող նյութերի ժողովածուն նույնպես հրատարակվեց։ 2015 թվականին ԳԱԱ պատմության ինստիտուտն իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, մասնավորապես՝ Երևանում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության» առաջին գլոբալ ֆորումին։ 2025 թվականի ապրիլին ԳԱԱ պատմության ինստիտուտում կայացավ «Հայ ժողովրդի ազգային զարթոնքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որի նյութերը նույնպես նախատեսվում է հրատարակել առանձին ժողովածուով։
«Պատմության ինստիտուտը մշտապես կարևորել է Հայոց ցեղասպանության պատմության հիմնախնդիրների հետազոտական աշխատանքներում Հայաստանի և սփյուռքի հայագիտական հաստատությունների հետ համագործակցությունը»,- հավաստիացրեց Մարուքյանը և հավելեց, որ 2017 թվականին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից հրատարակված ատլասի ակնարկային տեքստը հեղինակվել է ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից։
2019 թվականին վերջինիս համակարգմամբ հրատարակվեց «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» վերնագրով ստվարածավալ, կոլեկտիվ մենագրությունը, իսկ 2021 թվականին հրատարակվեց «Հայոց ցեղասպանության մշակութային և նյութական հետևանքների հաղթահարման մեթոդաբանությունն ու գործիքակազմը» վերնագրով հաջորդ կոլեկտիվ մենագրությունը, որի աշխատանքներին մասնակցեցին նաև սփյուռքահայ հետազոտողներ։
Ելույթի վերջում Մարուքյանն անդրադարձավ ԳԱԱ պատմության ինստիտուտի և հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջև արդյունավետ համագործակցությանը, որը շարունակվում է առ այսօր։ Համագործակցությունը հատկապես արդյունավետ է գիտական կադրերի համատեղ պատրաստման բնագավառում։