Չինաստան

Չինական Ուրումչիում տեղի է ունեցել «ՇՀԿ 2025»-ը` «Միասին մենք կառուցում ենք գեղեցիկ տուն հանուն բարեկեցիկ ապագայի» խորագրով

6 րոպեի ընթերցում

Չինական Ուրումչիում տեղի է ունեցել «ՇՀԿ 2025»-ը` «Միասին մենք կառուցում ենք գեղեցիկ տուն հանուն բարեկեցիկ ապագայի» խորագրով

Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչիում այսօր անցկացված «ՇՀԿ մեդիա համագործակցություն-2025»-ն ուներ «Միասին մենք կառուցում ենք գեղեցիկ տուն հանուն բարեկեցիկ ապագայի» խորագիրը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Չինաստանից, այս տարի միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 300 լրատվամիջոցի և բիզնեսի ներկայացուցիչ, պաշտոնյա և փորձագետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 26 անդամ երկրից՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան, Պակիստան, Եգիպտոս և այլն: Ֆորումին մասնակցում էին դիտորդ երկրների ներկայացուցիչներ և ՇՀԿ-ի երկխոսության գործընկերներ:

Ֆորումին մասնակցում էր ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Սոհեյլ Խանը։ Ֆորումի կազմակերպիչ, չինական «Ժենմին ժիբաո» թերթի գործադիր տնօրեն Յուիհ Շաոլյանը նշում է, որ 2001 թվականին հիմնադրումից ի վեր ՇՀԿ-ն հետևողականորեն հավատարիմ է մնացել «Շանհայի ոգուն»՝ փոխադարձ վստահության, փոխշահավետության, հավասարության, փոխադարձ խորհրդակցության, մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի և համատեղ զարգացման ցանկության սկզբունքներին: 

«Կազմակերպությունը վճռականորեն աջակցում է անդամ պետությունների հիմնական շահերի և կարևորագույն խնդիրների պաշտպանությանը՝ դառնալով վստահելի գործընկեր նրանց զարգացման և բարգավաճման գործում։ Առաջնորդվելով մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի հայեցակարգով՝ ՇՀԿ-ն հասել է զգալի հաջողությունների՝ անդամ երկրների միջև քաղաքական վստահության խորացում, տնտեսական ինտեգրման տպավորիչ արդյունքներ, արդյունավետ համագործակցություն անվտանգության և հարուստ մարդասիրական փոխանակման ոլորտում»,-վստահեցնում է թերթի գործադիր տնօրենը։

Ֆորումի մասնակիցներն ընդգծում են, որ ՇՀԿ երկրների զանգվածային լրատվության միջոցները պետք է վերլուծեն մեդիա ոլորտի վերափոխումները գլոբալ տեսանկյունից, օգտագործեն նորարարական մոտեցումներ՝ բացահայտելու նոր հնարավորությունները և համատեղ իրականացնեն իրենց մասնագիտական առաքելությունը: Մասնակիցների պնդմամբ` անհրաժեշտ է օբյեկտիվ և անաչառ լուսաբանման միջոցով բացահայտել ՇՀԿ-ի շրջանակներում համագործակցության նպատակներն ու նշանակությունը՝ նպաստելով տեղեկատվական բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։

Մասնակիցներն իրենց կարճ ելույթներով փաստում են, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ՇՀԿ-ի ձեռքբերումների հանրահռչակմանը, «Շանհայի ոգին» խթանելուն և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը։ 

Ֆորումի բացմանը մասնակիցներին ներկայացվեց «Ընդհանուր տուն. հասարակական հարցում ՇՀԿ անդամ երկրների զարգացման տեսլականի վերաբերյալ» զեկույցը։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «ՇՀԿ երկրների ԶԼՄ-ների միջև տեսաբովանդակության փոխանակման և առաջմղման ծրագրի» շնորհանդեսը։

Ֆորումի ավարտից հետո չինական և արտերկրի լրատվամիջոցների ներկայացուցիչները ներկայացրին թեմատիկ զեկույցներ Սինցզյանի վերաբերյալ: Ֆորումի շրջանակներում հրապարակվել են «Ընդհանուր տուն. հանրային հետազոտություն ՇՀԿ անդամ պետությունների զարգացման տեսլականի վերաբերյալ» զեկույցը: Հարցման համաձայն՝ ՇՀԿ անդամ երկրների ժողովուրդները լայնորեն աջակցում են «Շանհայի ոգուն» և բարձր հետաքրքրություն են հայտնում տարբեր ոլորտներում միջպետական համագործակցության խորացման հարցում։ 

Հարցման համաձայն՝ հարցվածների ավելի քան 80%-ը դրական է գնահատում ՇՀԿ-ի դերը համաշխարհային կառավարման մեջ։ Գրեթե 70%-ը նշում է, որ ՇՀԿ պլատֆորմի շնորհիվ իրենց երկրներն ավելի շատ հնարավորություններ են ստացել մասնակցելու միջազգային գործընթացներին։ Ավելի քան 60%-ը նշում է, որ կազմակերպությունը նպաստում է իրենց երկրների կայուն զարգացմանն ու արդիականացմանը։ Հարցվածների ավելի քան 90%-ը կարծում է, որ Չինաստանի փորձն արժե ուսումնասիրել և վստահ է, որ Չինաստանի հետ համագործակցությունը շոշափելի օգուտներ է բերում զարգացմանը:

Որպես ՇՀԿ-ի հիմնադիր անդամներից մեկը՝ Չինաստանը շարունակաբար նպաստել է կազմակերպության զարգացմանը՝ խթանելով ինստիտուցիոնալ նորարարությունը և կիսել փորձը: ՇՀԿ-ի հիմնադրումից ի վեր Չինաստանն ակտիվորեն զարգացնում է լայն և խորը գործնական համագործակցություն այլ անդամ երկրների հետ առևտրի և տնտեսության, ենթակառուցվածքների շինարարության, ժամանակակից գյուղատնտեսության, էներգետիկայի և այլն ոլորտներում:

Չինաստանն ակտիվորեն նպաստում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ շինարարության համապատասխանեցմանը տարածաշրջանային համագործակցության ծրագրերի և այլ անդամ երկրների զարգացման ռազմավարությունների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում