Կրթություն

«Ես Հայաստանի Հանրապետությունն եմ»․ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներն ավարտական միջոցառումը նշեցին դիպլոմային աշխատանքների ցուցադրությամբ

3 րոպեի ընթերցում

«Ես Հայաստանի Հանրապետությունն եմ»․ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներն ավարտական միջոցառումը նշեցին դիպլոմային աշխատանքների ցուցադրությամբ

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 2024-2025 ուստարվա   ավելի քան  69 շրջանավարտ ավարտական միջոցառումն անցկացրեց ՀայԱրտ մշակութային կենտրոնում՝ ցուցադրելով հետաքրքիր և տարբերվող դիպլոմային աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ես Հայաստանի Հանրապետությունն եմ» խորագրով ցուցահանդեսում, որը բացվեց մայիսի 23-ին, ներկայացված են կրթահամալիրի սաների և՛ գեղանկար ստեղծագործությունները, և՛ քանդակները։

Կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց՝  իրենք փորձում են դաստիարակել քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունը սիրող անհատների և  դա անում են արվեստով:

«Ներկայացված ստեղծագործությունները յուրահատուկ ու հետաքրքիր են: Այստեղ պատկերված է յուրաքանչյուրի Հայաստանի Հանրապետությունը: Այստեղ ցուցադրված են նաև քանդակներ և դրանք բոլորը «Մայր Հայաստան» հուշահամալիրի  պատկերով են: Մոնումենտի «Մայր Հայաստան»-ը վերածվել է տարբեր կերպարներ ստացող մի գեղեցկուհու, որն առանձնահատուկ է, որովհետև ամեն մեկս այդ կոթողի մեջ տեսնում ենք մեր բաժին հայրենիքը:

Ցուցահանդեսը իրական պետության մասին է, Հայաստանի Հանրապետության իրական քաղաքացի դաստիարակելու մասին է, որովհետև շատ հաճախ կրթության մեջ մենք կորցնում ենք պետականամետ գաղափարները, իսկ մեր դպրոցը միշտ եղել և մնում պետության կողքին և պետական գաղափարները կիսողը»,- ասաց Ռուզաննա Երեմյանը:

 Նա  նշեց՝ յուրաքանչյուր շրջանավարտ ներկայացրել է մեկ գեղանկար և մեկ քանդակային ստեղծագործություն:

Ներկայացված ինքնատիպ աշխատանքների կողքին «Արմենպրես»-ի ուշադրությունը գրավեց շրջանավարտ Ավետ Մկոյանի ստեղծագործությունը:

«Ես կարծում եմ, որ արվեստը նախևառաջ հարցեր տալու մասին է, ոչ թե պատասխաններ, քանի որ, երբ արվեստը միայն պատասխաններ է տալիս, դառնում է անհետաքրքիր: Իմ աշխատանքով փորձել եմ հարց բարձրացնել, որ Գարեգին Նժդեհին պատկանող խոսքն այսօր ակտուալ է: Իմ կտավում ասվում է, որ այնպիսի հայրենիք կունենանք  վաղը, ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր հոգում և մտքում: Այսինքն, ով ինչպիսի հայրենիք կառուցում է նախևառաջ իր հոգում և մտքում, այնպիսի հայրենիք էլ կունենա վաղը»,- նշեց շրջանավարտը:

Խոսելով Վերջին զանգի, դպրոցին և սիրելի ընկերներին հրաժեշտ տալու դժվար պահի մասին Ավետը նկատեց՝ շատ պատասխանատու պահ է, որովհետև ասում են վերջին զանգ, բայց սա առաջին զանգն է՝ նոր կյանքի և նոր սկզբի. 

«Բնականաբար, ամեն նոր բանի սկիզբ մի նոր բանի վերջ է, վստահ եմ՝ ինչպես լինի նոր կյանքի սկիզբը, այնպես էլ կլինի ընթացքը»,- ընդգծեց Ավետը, որը շարունակելու է մասնագիտանալ նկարչության բնագավառում։

Ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ: Մուտքն ազատ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում