Գյումրիում կանցկացվի դարբնության փառատոն
2 րոպեի ընթերցում

Գյումրիում, մայիսի 24-ին, կանցկացվի «Զարկերակ» խորագրով դարբնության փառատոն։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ փառատոնը «Դարբնագործության արհեստանոց Գյումրիում» ենթածրագիրն ամփոփող միջոցառումն է՝ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

««Զարկերակ»՝ զարկ զնդանին իմաստով, խորհրդանշում է դարբնության հնագույն ավանդույթին նոր շունչ հաղորդելն ու ծրագրի մասնակից երիտասարդների՝ դարբնության նոր զարկերակ դառնալը։ Վեցշաբաթյա ուսուցման ծրագիրը մեկնարկել էր 25 երիտասարդ մասնակցով, այն հաջողությամբ ավարտեցին 18-ը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
Նա նկատեց, որ մշակված կրթական մոդուլի համաձայն՝ երիտասարդները սովորել են դարբնության հիմնական տեխնիկաները, գործիքների ճիշտ օգտագործումը, մետաղի հատկությունները և մշակման եղանակները, պարզ իրերի պատրաստումը (գեղարվեստական տարրեր, կենցաղային իրեր), ավանդական հայկական դարբնագործության առանձնահատկությունները։
Ծրագիրը նպատակ ունի վերակենդանացնել ավանդական արհեստը՝ դարբնությունը, փոխանցել հմտություններ նոր սերնդին և պահպանել Գյումրիի հարուստ արհեստագործական ժառանգությունը:
«Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Այն կոչված է խթանելու տեղական տնտեսական զարգացումը՝ տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացման եւ տեղական նախաձեռնությունների ֆինանսավորման միջոցով։