Հայաստան

Մեր ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմ. ՀՌՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Մեր ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմ. ՀՌՀ նախագահ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Վասիլիս Մարագոսին և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ռազմավարական հաղորդակցության տնօրեն Աուդե Մայո-Կոլիշեին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման գլխավոր թեմաներն էին մեդիայի բազմազանության խթանումը, խոսքի ազատության ապահովումը, ինչպես նաև հեռարձակման ոլորտի կարգավորումները՝ հանրօգուտ, թափանցիկ և պատասխանատու մեդիա միջավայրի ձևավորման համատեքստում։

Վասիլիս Մարագոսը կարևորել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դերը մեդիաոլորտի զարգացման գործում։ Նա ընդգծել է օրենսդրական ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել ՀՌՀ-ի ջանքերը օրենսդրական փոփոխությունների գործընթացում։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպական միության միջև շարունակական համագործակցությունն ու մասնագիտական երկխոսությունը՝ մեդիա դաշտի բարելավման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ։ Նա հատկապես ընդգծե է ոլորտի առաջ ծառացած մի շարք կարևորագույն խնդիրներ, այդ թվում՝ պրոպագանդայի և ատելության խոսքի տարածումը, համացանցում առկա ոչ կարգավորված վիճակը, օտարերկրյա հեռարձակողների ազդեցությունը և ապատեղեկատվության տարածումը։

«Վերջերս իմ ելույթներից մեկում ես եւս մեկ անգամ ընդգծեցի, որ մեզ, որպես կարգավորող մարմնի, այս պարծենկոտ հայտարարությունները, թե մամուլի ազատության ինդեքսում 34-րդ տեղում ենք, չեն գոհացնում։ Մենք դրանում տեսնում ենք մեծ սպառնալիքներ և վտանգներ։ Մեր ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմ», - նշել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Խոսելով խոսքի ազատության կարգավորման մասին՝ նա ընդգծել է.  

«Երբևէ որևէ բողոք չի եղել այն մասին, որ ՀՌՀ-ն սահմանափակում է որևէ մեկի խոսքի ազատությունը։ Սա մեր աշխատանքի կարևոր սկզբունքներից է»։

Հանդիպման մասնակիցները վերահաստատել են փոխըմբռնման և գործընկերության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ուղղված մեդիա կայունության, թվային միջավայրի անվտանգության և հանրային շահի պաշտպանությանն ուղղված մեդիա քաղաքականության զարգացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում