Մշակույթ

Կրիմինալ պատմություն, որում հաղթում է սերը. Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն վերադարձավ «Գանգսթեր Մաքը»

6 րոպեի ընթերցում

Կրիմինալ պատմություն, որում հաղթում է սերը. Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն վերադարձավ «Գանգսթեր Մաքը»

«Գանգսթեր Մաքը» կրիմինալ կատակերգությունը, որն ավելի քան մեկ տարի «լքել» էր Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը, վերադարձել է նոր շնչով, նոր տրամադրությամբ, նոր զգեստներով, դեկորացիաներով և ավելի համարձակ փոլ դենսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումն առաջին անգամ Դրամատիկականի բեմ է բարձրացել 2018 թվականին՝ նաև համարձակ մոտեցումների շնորհիվ գրավելով հանդիսատեսի լայն շրջանակի ուշադրությունը։ 

«Ժամանակի ընթացքում «Գանգսթեր Մաքը» «մաշվեց» բոլոր իմաստներով՝ զգեստներ, դեկորացիաներ և այլն։ Մասնագիտական մաշվածություն ևս կար, և ավելի քան մեկ տարի առաջ այն հանեցինք խաղացանկից, սակայն ադմինիստրատորը պարբերաբար տեղեկացնում էր, որ հանդիսատեսը փնտրում է ներկայացումը։ Որոշեցինք վերաբեմադրել այն։ Եթե համարձակության առումով որոշ կասկածներ կային, դրանք փարատվեցին»,-նշում է ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը։

Բեմադրություն անելիս Խաչատրյանը ձգտում է դասական պիեսից ժամանակակից ներկայացում ստանալ և հակառակը։ Հավաստիացնում է՝ ներկայացումը չպետք է հարմար լինի, այն պետք է անհարմարություններ պատճառի։ «Եթե մենք անընդհատ գնանք հարմար ճանապարհով, արվեստի օջախից կվերածվենք սպասարկման ոլորտի»,-ընդգծում է ռեժիսորը։ 

Անդրադառնալով փոլ դենսին, որը ներկայացումն առավել յուրահատուկ է դարձնում, Գրիգոր Խաչատրյանը նշում է՝ համագործակցում են պարուսույց Ժաննա Դոսովայի հետ, որի բեմադրած պարն այնպիսին է, ինչպիսին իրականում է։ «Ներկայացումը դուրս է եկել ժանրային պատկանելությունից։ Այն պետք է նայել որպես պատմություն, որում կան ծիծաղելի և հուզիչ տեսարաններ»,-եզրափակում է Խաչատրյանը։ 

Ներկայացման դերասանական կազմը չի փոխվել՝ էմմա Մանուկյան, Էմմա Մկրտչյան, Լևոն Հախվերդյան, Լիդա Լևոնյան, Դիանա Մալենկո, Նիկոլայ Ավետիսյան, Գագիկ Մկրտչյան, Նարեկ Մարտիրոսյան, Վլադիմիր Մսրյան, Նարեկ Քթոյան, Լիդիա Գրիգորյան, Մարիամ Ադամյան։ 

Լևոն Հախվերդյանը հրաշալի մարմնավորում է Լերրիին, որը կնամոլ է և հանգամանքների բերումով ստիպված է ձևացնել, թե Լոլան է, որը դյութիչ կին է, հեշտությամբ բարձրակրունկներ է կրում և համարձակվում փոլ դենս պարել պրոֆեսիոնալների հետ։

Թատրոնում կնոջ մարմնավորելը Հախվերդյանի համար հետաքրքիր է։ «Լևոն Հախվերդյանը չէ կնոջ կերպարում, այլ՝ Լերրին։ Մի քանի շերտ կա այստեղ, և այդ ամենը հասկանալը բավականին բարդ էր։ Մարտահրավեր էր նաև բարձրակրունկներով քայլելը, առավել ևս՝ պարելը»,-խոստովանում է դերասանն ու պատմում՝ Ռոբին Հաուդնի պիեսում պար չկա, երգ է, սակայն ընթացիկ աշխատանքների ընթացքում որոշել են՝ պետք է պար լինի։

Սկզբում կատակել են այդ թեմայով, հետո ասել՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Առաջին պրեմիերային Հախվերդյանը մտավախություն է ունեցել, թե ինչպես այն կընկալվի։ «Ամեն բան արված էր պրոֆեսիոնալ,  գեղեցիկ, ընդունելի։ Հանդիսատեսը ներկայացումն այնքան սիրեց, որ վերականգնեցինք այն։ Ներկայացման վերնագրից հասկանում ենք, որ ծանոթանալու ենք պատմության, որում կան չափազանցություն, կատակերգության առումով ծայրահեղության հասցված իրավիճակներ։ Ներկայացվում է, թե հանուն սիրո մարդն ինչի է պատրաստ։ Հերոսների հարաբերություններում հանդիսատեսն ի՞նչ կտեսնի, ինչպե՞ս կընկալի, սուբյեկտիվ է»,-կարծում է դերասանը։

Նիկոլայ Ավետիսյանը մարմնավորում է Թերրիին։ Նա նշում է՝ ներկայացումը երկար ու ծանր ճանապարհ է անցել, իսկ այժմ փոխվել է մատուցումը, քանի որ տարիների ընթացքում իրենք էլ են փոխվել, ընկալումները՝ ևս։ Ըստ Ավետիսյանի՝ դերասանն ամեն օր նույն կերպարը կերտելիս կարող  է տարբեր լինել, իսկ, երբ տարի է անցնում, այդ փոփոխությունն առավել նկատելի է  դառնում։

«Պատմությունն ամերիկյան է, սակայն առիթ եմ ունեցել հաղորդակցվելու մերկապարուհիների հետ, որոնցից նման պատմություններ շատ եմ լսել։ Երբ մեր ներկայացման սյուժեն էի պատմում, ասում էին, որ այն իսկապես իրենց կյանքն է արտացոլում, իրենց մասին է։ Կարծում եմ, որ «Գանգսթեր Մաքը» սիրո, հանուն սիրո պայքարի, ճշմարտության և մարդկային ճակատագրերի մասին է»,-շեշտում է դերասանը։

«Գանգսթեր Մաքը» ներկայացման հիմքում դրամատուրգ Ռոբին Հաուդնի «Կասկածելի բիզնես» պիեսն է։ Այն քրեական հեղինակություն Մաքի, նրա գիշերային ակումբում պարող երիտասարդ ու սիրունատես աղջիկներ Մենդիի, Տանիայի և ծավալվող գործողությունների մեջ ակամայից ներքաշված Լերրիի, Թերրիի մասին է: Հերոսները, հայտնվելով խճճված իրավիճակում, կարողանում են պահպանել միմյանց նկատմամբ հավատը, վստահությունը և, իհարկե, սերը: 

Ներկայացման նկարչական ձևավորումը՝ Կարեն Գրիգորյանի, զգեստները՝ Մերի Սարգսյանի, երաժշտական ձևավորումը՝ Աշոտ Փափազյանի, լուսային ձևավորումը՝ Տիգրան Բարսեղյանի, բեմադրիչի օգնական՝ Հովհաննես Դիշչյան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում