Իրավունք

Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

2 րոպեի ընթերցում

Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

Հայաստանի Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ մանկապարտեզի մասնաշենքը տարեկան 165 հազար դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել Ա.Մ.-ին: 

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված պայմանագրի հետևանքով՝ վարձակալության հանձնված վերոնշյալ անշարժ գույքը չի ներառվել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած՝ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ծրագրում: Արդյունքում՝ Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզն ամբողջությամբ չի հիմնանորոգվել:

Տավուշի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու և Իջևան համայնքի՝ վերոնշյալ գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքը վերականգնելու ուղղությամբ՝ հնարավորություն ստեղծելով հիմնանորոգման աշխատանքներում հետագայում ներառել նաև մանկապարտեզի՝ ծրագրից դուրս մնացած մասնաշենքի հատվածը:

Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Խաշթառակ բնակավայրի 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումը չեղարկվել է. Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի՝ 198.45 քմ մակերեսով մասնաշենքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում