Եվրոպա

Շուրջ 100 մաֆիոզ է ձերբակալվել Իտալիայում խոշոր գործողության շրջանակներում

2 րոպեի ընթերցում

Շուրջ 100 մաֆիոզ է ձերբակալվել Իտալիայում խոշոր գործողության շրջանակներում

Իտալիայի ոստիկանությունը մայիսի 21-ին խոշոր գործողություն է անցկացրել կալաբրիական մաֆիայի՝ «Նդրանգետայի» դեմ՝ 14 նահանգում ձերբակալելով 97 մարդու։ Նրանք մեղադրվում են «Նդրանգետայի» կլանների հետ առնչություն ունենալու կամ նրանց հետ համագործակցելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։

Նշվում է, որ ըստ իրավապահների՝ «Միլենիում» կոդային անվանմամբ գործողությունը ղեկավարում է Ռեջո դի Կալաբրիա նահանգի մաֆիայի դեմ պայքարի վարչությունը՝ Կալաբրիայի, Սիցիլիայի ոստիկանության և հատուկ նշանակության ուժերի, ինչպես նաև միջազգային ոստիկանական կառույցների մասնակցությամբ։ Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիոզ կազմակերպության մաս կազմելու, թմրանյութերի առևտրի, առևանգումների, քաղաքական գործիչների վրա ազդելու և անօրինական զենք պահելու մեջ։

Բացի այդ, հետաքննություն է սկսվել երկու ձեռնարկության նկատմամբ, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են փողերի լվացման և հանցավոր գործունեությանը ցուցաբերած լոգիստիկ աջակցության համար։

Գործողությունն իրականացվել է այն բանից հետո, երբ իտալական իրավապահ կառույցները բացահայտել են, որ Ռեջո դի Կալաբրիայի հիմնական մաֆիոզ ընտանիքները սերտորեն համագործակցել են թմրանյութերի առևտրի ոլորտում՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում