Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեն առցանց քննարկում է անցկացրել թվային դրոշմավորման գործընթացի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն առցանց քննարկում է անցկացրել թվային դրոշմավորման գործընթացի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն E-Mark ընկերության համագործակցությամբ տնտեսվարողների հետ կազմակերպել է առցանց քննարկում՝ նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման գործընթացի վերաբերյալ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, օրակարգում եղել են օրենսդրական կարգավորումների, գործնական կիրառման և վարչարարության հարցերը։ Ինտերակտիվ հարցուպատասխանի ընթացքում բիզնեսը հնարավորություն է ստացել պարզաբանումներ ստանալ անմիջապես պատասխանատուներից։ Ներկայացվել են նաև նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը համակարգում գրանցելու, պարտադիր դաշտերը լրացնելու հաջորդականությունը և համակարգից օգտվելու առանձնահատկությունները։ 

«ՊԵԿ մասնագետները տնտեսվարողներին տեղեկացրել են նաև նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման ժամկետների հետաձգման Կոմիտեի նախաձեռնության մասին։ Հաշվի առնելով դրոշմավորման նոր համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների ծավալը և տնտեսվարողների կողմից բիզնես գործընթացների համապատասխանեցման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու ժամկետները՝ հաջորդ խումբ ապրանքների դրոշմավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից՝ 2025 թվականի հունիսի 1-ի և սեպտեմբերի 1-ի փոխարեն։ ՊԵԿ-ն այլ նախաձեռնություն ևս ունի․ նախատեսվում է դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափում ներառել նաև ապրանքի տեղեկատվության հայերենացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախատեսվող օրենսդրական նոր փոփոխությունների վերաբերյալ Կոմիտեն արդեն իսկ ծանուցումներ է ուղարկել տնտեսվարողներին։ Իրազեկման միջոցառումների շրջանակում առցանց ձևաչափով քննարկումներն իրականացվում են ամեն շաբաթ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում