Հայաստանը խաղաղության ուղղությամբ բավականաչափ քայլեր արել է, հիմա անհրաժեշտ են քայլեր Ադրբեջանի կողմից. ԵԽ պատգամավորի հարցազրույցը

13 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանում Գերմանիան ներկայացնող պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին կարծում է, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության հասնելուն։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Եվրախորհրդարանի պատգամավորը հույս է հայտնել, որ նույն ճանապարհով կգնա նաև Ադրբեջանը, և կոնֆլիկտը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ 

Հարցազրույցում Լագոդինսկին նաև անդրադարձել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ներկայիս դերի ու ազդեցության, դրա կարևորության, վերջերս իր՝ Հայաստան կատարած այցի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի, Քուրդիստանի բանվորական կուսակցության ինքնալուծարումից հետո Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակի մասին։

-Խոսենք Եվրանեսթի մասին։ Ինչպե՞ս կգնահատեք Եվրանեսթի ներկայիս կարևորությունն ու ազդեցությունը՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհաքաղաքական համատեքստը, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության դինամիկայում առկա ակնհայտ փոփոխությունները։

-Այո։ Տեսեք, այս ժամկետի (խմբ. Եվրախորհրդարանի նստաշրջանի հինգ տարվա ժամկետը) ընթացքում ինձ համար առաջնահերթություն էր այս տարածաշրջանի վրա կենտրոնանալը, քանի որ կարծում եմ՝ Եվրանեսթում ընդգրկված երկրները ոչ միայն ունեն ընդհանուր պատմական անցյալ՝ չնայած բոլոր տարբերություններին, այլ նաև բոլորն էլ եկել են հետխորհրդային տարածքից՝ բարդ պատմությամբ և բարդ հարաբերություններով Ռուսաստանի հետ։ Այս երկրներն ունեն նաև ընդհանուր ներկա, ինչը նշանակում է՝ բարդ ռազմավարական տարածաշրջանային իրողություն, որտեղ նրանք շարժվում են տարբեր արագությամբ և ունեն տարբեր ձգտումներ՝ ժողովրդավարության ճանապարհով գնալու և դեպի Բրյուսել  կողմնորոշվելու հարցում։ Ոմանք, օրինակ, Ադրբեջանը, ասում են, որ ունեն այլ ճանապարհ։ Բայց մենք պետք է աշխատենք այդ երկրների հետ, և մենք ունենք եզակի հարթակ, որտեղ նրանք կարող են իրար հետ խոսել։ Սա հաճախ չի պատահում այս կոնֆիգուրացիայով։ Մենք առաջարկում ենք եվրոպական հարթակ՝ քննարկելու մեր ընդհանուր խնդիրները, և կարծում եմ՝ սա եզակի է։ Ես հարգում եմ, որ այս երկրներից շատերն ունեն իրենց ապագան ընտրելու տարբեր ուղիներ։ 

-Ինչպե՞ս կարող է Եվրանեսթը մնալ արդյունավետ երկխոսության հարթակ, երբ որոշ անդամ պետություններ, ինչպես, օրինակ, Ադրբեջանը, հեռացել են դրա շրջանակներից, իսկ Բելառուսը նույնպես հայտնի է իր մոտեցմամբ։ Ինչպե՞ս եք պահպանում հարթակի արդյունավետությունը։ 

-Անշուշտ։ Դուք միշտ ունեք հասանելիություն հասարակությանը կամ քաղաքական էլիտային և որոշումներ ընդունողներին։ Բելառուսը հիմա պաշտոնապես չի  մասնակցում այս խորհրդարանական փոխանակմանը, բայց մենք, և ես անձամբ շատ սերտ կապերի մեջ ենք բելառուսական ընդդիմության հետ։ Նրանց համար սա նույնպես եզակի հնարավորություն է՝ քննարկելու իրենց հարցերը գործընկերների հետ։ Եթե խոսենք Վրաստանի մասին, ապա այդ հարաբերությունն էլ բարդ են դարձել մեր խորհրդարանի համար։ Բայց նույնիսկ այնտեղ այս հարթակն ուղղված չէ միայն եվրոպացիներին՝ այն նաև մի տեղ է, որտեղ քննարկվում են հարցեր վրացիների և հայերի, վրացիների և ուկրաինացիների միջև՝ բազմաթիվ թեմաների շուրջ։ Հույս ունեմ, որ սա կշարունակվի։ Ինչպես նշեցի, մենք օգտագործում ենք այս հարթակը՝ համախոհ մարդկանց մեկտեղելու համար։ Սա բազմազանության հարթակ է, և, եթե ցանկանում ենք քաղաքական բազմազանություն, ապա սա իդեալական է։ 

-Բազմազանությունը հարստության տեսակ է, բայց այն նաև բերում է բազմաթիվ խոչընդոտներ, խնդիրներ և մարտահրավերներ։ Ի՞նչն է Ձեր վերլուծության մեջ այսօր ամենամեծ մարտահրավերը։ 

-Կարծում եմ՝ ամենամեծ մարտահրավերն այն է, որ կարողանանք գաղափարապես հասկանալ և ընկալել՝ պարտադիր չէ, որ մենք նման լինենք։ Պարտադիր չէ, որ ձգտենք միևնույն բանին՝ բացի մարդու կյանքի, ազատության, խաղաղության, կայունության և սահմանների նկատմամբ փոխադարձ հարգանքից։ Ուրախ եմ հայտարարել, որ մեր հաջորդ Խորհրդարանական վեհաժողովը տեղի կունենա Երևանում, որտեղ ներկա կլինեն հինգ խորհրդարանների ներկայացուցիչներ, և հուսով եմ՝ նաև մեր բելառուս ընկերները, ինչպես նաև այլ հետաքրքրված կողմեր։  Սա տեղի կունենա հաջորդ տարի և կլինի մեծ խորհրդարանական վեհաժողով։ Սա հզոր ու կարևոր ազդանշան է՝ կապված տարածաշրջանում Հայաստանի դերի և երկրի ապագայի տեսլականի հետ։ 

-Դուք վերջերս այցելեցիք Հայաստան։ Որո՞նք էին Ձեր հիմնական տպավորություններն այդ այցից՝ և՛ քաղաքական առումով, և՛ քաղաքացիական հասարակության ներգրավվածության տեսանկյունից։ Կարծեմ, սա Ձեր առաջին այցն էր։

-Այո, սա իմ առաջին այցն էր Հայաստան։ Ես միշտ ասում եմ՝ մեծացել եմ հայ ընկերների և ընտանիքի հայ բարեկամների շրջապատում։ Հայրս այն բժիշկներից մեկն էր, որն օգնություն էր ցուցաբերում Վանաձորում Սպիտակի երկրաշարժից հետո. այն ժամանակ քաղաքը կոչվում էր Կիրովական։ Այս պատճառով այցս մի փոքր նման էր տուն վերադարձի։ Շատ տպավորված էի քաղաքական ղեկավարությամբ և այն քաջ քայլերով, որ նրանք անում են ներկայում, բայց նաև քաղաքացիական հասարակությամբ, որը շատ ակտիվ է և իրականում շարժիչ ուժ է քաղաքական օրակարգի ձևավորման մեջ։ Սա մեծ և եզակի հնարավորություն է։ Այդ տեսանկյունից այցը շատ տպավորիչ էր։ 

Հանդիպեցի Հայաստանի նախագահին, խորհրդարանի իմ գործընկերներին, այդ թվում՝ Մարիա Կարապետյանին, որը իմ գործընկերն է և Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է։ Նաև հանդիպեցի Մարկուս Ռիթերին՝ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին, որը վերահսկում է իրավիճակը սահմանի վրա։ Շատ կարևոր ու հետաքրքիր զրույց էր։ 

Այցելեցի նաև «Թումո» ստեղծարար կենտրոն, ինչն ամենամեծ անակնկալներից էր ինձ համար։ Այնտեղ շատ երիտասարդներ սովորում էին արհեստական բանականություն, թվային կարգավորում, ծրագրավորում և նորարարություն։ Դա մի հզոր, ապագային ուղղված կենտրոն է, որն իր ազդեցությունն է տարածում ողջ Եվրոպայում և աշխարհում։ Դա ինձ ցույց տվեց ապագան, իսկ ապագան նորարարության, հետաքրքրասիրության և երիտասարդների ձեռնարկած գործերի մասին է, որոնք միավորում են մեզ և բերում խաղաղություն։ 

-Խոսելով խաղաղության մասին՝ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները։ Ո՞րն է այս փուլում խաղաղության գործընթացի հիմնական ռիսկը և հնարավորությունը։  

-Մենք պետք է ընդունենք, որ Հայաստանի կառավարությունն ու վարչապետը լիովին հանձնառու են խաղաղ լուծման հասնելուն։ Ես տեղյակ եմ պատմության ընթացքում գոյություն ունեցած վիրավորվածության մասին երկու կողմերից։ Անցած տասնամյակների ընթացքում երբեմն Հայաստանը՝ իր դաշնակիցների կամ նախկին դաշնակիցների հետ, առավելություն է ունեցել այս հակամարտությունում։ Բայց այս կառավարության ձեռնարկած նախաձեռնությունները հասնում են այն սահմաններին, որից այն կողմ ժողովրդավարությունը հազվադեպ է պատրաստ առաջ գնալ՝ հանուն խաղաղության։ Մենք պետք է սա գնահատենք և աջակցենք այս գործընթացին։ Հուսով ենք՝ նաև մեր ադրբեջանցի գործընկերները քայլեր կձեռնարկեն, որպեսզի այս հակամարտությունը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Ես իսկապես մեծ հույս ունեմ, որ երկու կողմերն էլ կմոտիվացվեն այդ ուղղությամբ։ Վարչապետ Փաշինյանի և նրա թիմի կողմից ընդունված որոշումները չափազանց խիզախ ու հեռանկարային են։ Նրանք գիտակցել են, որ խաղաղություն հնարավոր է միայն ցավոտ, բայց անհրաժեշտ քայլերի միջոցով։ Նրանք արդեն բավականին քայլեր են կատարել, հիմա անհրաժեշտ են քայլեր նաև մյուս կողմից։

-Մեկ այլ հարց, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է իրավիճակի հետ. խոսքը Թուրքիայի մասին է։ Դուք լավ եք ճանաչում այս երկիրը Ձեր նախորդ պաշտոնավարման ժամանակաշրջանից։ Այս պահին ընթանում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Ինչպիսի՞ դեր պետք է խաղա Եվրամիությունը այս երկխոսությունը խթանելու հարցում։

-Ես միշտ ասել եմ, և իմ հանձնաժողովի գործընկերները նույնպես ասում են, որ մենք պետք է խրախուսենք այս գործընթացը, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորումը կազդի ոչ միայն ներկա ռազմավարական իրավիճակի վրա, այլ նաև կդիպչի երկու երկրների միջև եղած շատ ցավոտ ու տրավմատիկ պատմությանը։ Ես կարծում եմ, որ հնարավոր է նոր ընդհանուր հենք գտնել ներկայիս իրավիճակում։ Իմ թուրք գործընկերների հետ ունեցած զրույցներից գիտեմ, որ նրանք հետաքրքրված են այս ճանապարհով առաջ շարժվելու հարցում։ Հուսով եմ, որ մեր գործընկերները Բաքվում նույնպես դրական ազդակներ կտան Անկարային, որովհետև սա բոլորի և հատկապես Եվրամիության շահերից է բխում, եթե ի վերջո բացվի Հայաստանի սահմանը և դառնա հասանելի։ Սա ռազմավարական ուղղություն է։ Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ նույնպես հեշտ չեն։ Անկարայում իմ գործընկերները գիտեն, որ ես միշտ բաց եմ արտահայտվել այնտեղ առկա ժողովրդավարության պակասի վերաբերյալ։ 

Ներկայում Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի գլխավորած ընդդիմադիր կուսակցությունը ենթակա է հսկայական ավտորիտար ճնշման՝ ինչպես երբևէ չի եղել, միաժամանակ ընթանում է հարաբերական կարգավորման գործընթաց քրդական հարցի շուրջ։ Այս հարցը Թուրքիայում շատ խորը վերք ու տրավմա է։ Ես դրան նայում եմ դրական տեսանկյունից և կարծում եմ՝ հիմա կարող ենք ունենալ հնարավորություն՝ կարգավորելու հարաբերությունները կամ առնվազն բացելու սահմանը Հայաստանի և Թուրքիայի միջև։ Դա անհրաժեշտ է աշխարհաքաղաքական տեսանկյունից և կուժեղացնի Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները։ 

-Եվ վերջապես, քանի որ Դուք հիշատակեցիք քրդական հարցը՝ ինչպե՞ս է Եվրոպական մակարդակում, մասնավորապես այս խորհրդարանում ընկալվում -ՔԲԿ-ի (PKK) զինաթափման հարցը։ 

-Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ ՔԲԿ-ն շատ երկրներում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Այդ պատճառով մենք միշտ տարբերակում ենք ՔԲԿ-ի գործողություններն ու քրդական քաղաքական կուսակցությունների օրինական հարցերը՝ ինչպես օրինակ նախկին ԺԴԿ-ն (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն, HDP), որի հետ իմ կուսակցությունն (խմբ. Կանաչների կուսակցություն) ունեցել է լավ, կառուցողական հարաբերություններ։ Հույս ունեմ, որ քուրդ գործընկերների հետ քաղաքական հարաբերությունների այս կարգավորումը չի վերածվի քաղաքական ուժերին ենթարկեցնելու և ներքին հարցերում Էրդողանի անքննադատ դաշնակիցներ դարձնելու գործընթացի։ Ներկայում Թուրքիայում կան բազմաթիվ չլուծված հարցեր և ներքաղաքական խնդիրներ։ ԺԴԿ-ի խաղացած դերը ներքաղաքական դինամիկայում շատ կարևոր էր։ Ցավալի կլինի, եթե նրանց քննադատական, ժողովրդավարական և առաջադեմ մոտեցումը մոռացության տրվի։ Միևնույն ժամանակ, սա հնարավորություն է՝ այդ մոտեցումը նորովի կարգավորելու համար։ Կտեսնենք՝ ինչ կստացվի։ Ես քաջալերում եմ քուրդ ակտիվիստներին և նախկին ԺԴԿ անդամներին, որոնք այժմ հանդես են գալիս այլ անվան տակ, մաղթում եմ ուժ ու եռանդ իրենց ջանքերը շարունակելու և իրենց արժեքներին ու համոզմունքներին հավատարիմ մնալու համար։

-Շնորհակալություն, պարոն Լագոդինսկի, մեր հրավերն ընդունելու համար։

-Շնորհակալ եմ։ 

Հայերեն English Español Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում