Հայաստան

Քննարկվել են Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

4 րոպեի ընթերցում

Քննարկվել են Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գյոթե ինստիտուտի Հարավային Կովկասի տարածաշրջանային փոխտնօրեն, լեզվի բաժնի ղեկավար Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են Երևանում գործող Գյոթե կենտրոնի՝ ինստիտուտի վերափոխումից հետո համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է գերմաներենի ուսուցումը, մշակութային փոխանակումը և կրթական ծրագրերի զարգացումը խթանող համատեղ նախաձեռնությունները: Նա ընդգծել է՝ Գյոթեի ինստիտուտը ԿԳՄՍ նախարարության կարևոր գործընկերներից է, որի հետ առանցքային ուղղություններով համագործակցության ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ հանրակրթական համակարգում գերմաներենի ուսուցման զարգացման, հայ-գերմանական միջմշակութային համագործակցության խթանման, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտներում:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Գյոթե ինստիտուտի և ՀՀ դպրոցների համագործակցությանը՝ ուսուցիչների և աշակերտների փոխանակման, գերմաներենի իմացության խթանման ու կրթական այլ ծրագրերի իրականացման տեսանկյունից:

Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացումը և երկու երկրների միջև միջմշակութային հաղորդակցության խթանումը Հայաստանի հետ համագործակցության կարևորագույն ուղղություններից են: Սյուզաննա Ռադվանը ներկայացրել է Գյոթե ինստիտուտի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ առանձնահատուկ շեշտվել են «Լեզուն մշակույթի մեջ» ծրագրի հիմնական ուղղությունները:  Հայաստանի դպրոցներում գերմաներենի ուսուցման բարելավման և խորացման համատեքստում կարևորվել են Երևանում և մարզերում գերմաներեն դասավանդող ուսուցիչների պարբերական վերապատրաստումները, որոնց շնորհիվ ուսուցիչները հնարավորություն ունեն ստանալու լեզվի իմացության համապատասխան հավաստագրեր: 

Նշվել է նաև, որ Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի հիմնական դպրոցներում, ինչպես նաև «Այբ» դպրոցում ներդրվել և հաջողությամբ իրականացվում են  գերմաներենի ուսուցման ծրագրեր: 

Արթուր Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն մեկնարկել է Հայերենի իմացության, ստուգման և գնահատման միասնական համակարգի ներդրման նոր ծրագիր,  որի շրջանակում նախատեսվում է մշակել լեզվի իմացության վեցաստիճան (համապատասխանաբար` A1, A2, B1, B2, C1, C2) համակարգ: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է գերմանացի գործընկերների փորձառությունն ու համակարգի ներդրման շրջանակում նրանց աջակցությունը՝ հաշվի առնելով, որ համակարգը ներդրվում է Եվրոպայի խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակին (Common European Framework of Reference for Langusges) համապատասխան: 

Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ինչպես այս, այնպես էլ կրթական նյութերի պատրաստման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերել են բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կապերին, Հայաստանի և Վրաստանի դասավանդողների մասնակցությամբ սեմինարների անցկացմանը, ԿԶՆԱԿ-ի և Գյոթե ինստիտուտի միջև համագործակցության ամրապնդմանը և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում