Եվրոպա

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում՝ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում՝ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը աշխատում է պատժամիջոցների նոր փաթեթի վրա՝ Ուկրաինայում պատերազմ սկսելու պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը մեծացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

«Նա (խմբ.՝ Պուտինը) խաղաղություն չի ցանկանում, ուստի մենք պետք է մեծացնենք ճնշումը և այդ պատճառով մենք աշխատում ենք պատժամիջոցների նոր փաթեթի վրա…. Այս փաթեթը կներառի, օրինակ, պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք 1»-ի և «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ։ Դրա շրջանակներում կաշխատենք ռուսական ստվերային նավատորմի ավելի շատ նավեր ցուցակագրել, իջեցնել նավթի գնի վերին շեմը, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական հատվածի նկատմամբ ավելի շատ պատժամիջոցներ սահմանել», - ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Գործակալությունը նշում է, որ ԵՄ-ն արդեն իսկ ընդունել է պատժամիջոցների 17 փաթեթ, որոնցից վերջինն՝ այս շաբաթ, և դիվանագետները նշում են, որ ավելի ու ավելի դժվար է դառնում դաշինքի 27 անդամների շրջանում միաձայն համաձայնության հասնել նոր միջոցներ ընդունելու համար։

«Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները կառուցվել են Ռուսաստանի պետական ​​​​վերահսկողության տակ գտնվող «Գազպրոմ»-ի կողմից՝ Բալթիկ ծովի տակով Գերմանիա բնական գազ մղելու համար։ Դրանք վնասվել են 2022 թվականին մի շարք պայթյունների հետևանքով։

Միևնույն ժամանակ, Ստամբուլում տեղի են ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև 2022 թ. գարնանից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ Թուրքիայի մասնակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում