Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը պարզաբանում է ակնկալում քաղաքապետարանից կառույցի տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ
4 րոպեի ընթերցում

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմը մայիսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ անհիմն է համարում Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը հեռացվել է պաշտոնից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնի ստեղծագործական կազմը և մյուս աշխատակիցները նշեցին, որ Թորոսյանը լավ ղեկավար է, գիտի, թե ինչպես է պետք լուծել թատրոնի խնդիրները, և անձնակազմը հարգում ու գնահատում է նրան։
Աշխատակիցները ցանկանում են՝ թափանցիկ հանդիպում կազմակերպվի իրենց, Էմին Թորոսյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի միջև, որպեսզի բոլոր հանգամանքները պարզվեն։
Ավելի վաղ արծարծվում էր այն թեման, որ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը չափից շատ հրավիրատոմսեր է բաժանել, ինչը, գուցե, տնօրենի հեռացման պատճառ է դարձել։
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական գծով պատասխանատու Հրաչյա Գասպարյանը նշեց՝ հրավիրատոմսերը տրվել են այն ուսուցիչներին, որոնք 10-ից 15 երեխա են բերում թատրոն, որոնք կարգապահություն են ապահովում, տրվել են հաշմանդամություն ունեցող երեխաներին, թոշակառուներին։
«Համարյա երկու ամիս մեր ֆինանսական հաշվետվություններն էին ստուգում, սակայն ոչինչ չգտան։ Ոչ մի հարց չկա, բայց ասվում է, որ հրավիրատոմսերը շատ են տրվում։ Նշեմ, որ դա նաև գովազդի ձև է, ինչը կարևոր է թատրոնի զարգացման, լուսաբանման համար։ Հարյուր հազարնե՞ր տանք, որ գովազդվի, թե մեր թատրոնում ներկայացում է գնում։ Կոլեկտիվը հասկացավ, որ դա անհեթեթ որոշում է, իսկ իմ կարծիքով ուղղակի ամոթ է։ Չի կարելի այդպես վարվել մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը նվիրել են մշակույթին, հատկապես նման որոշմամբ, որը թերի է բարոյական իմաստով»,-շեշտեց Գասպարյանը։
Նա հիշեց ֆրանսիացի մի մարշալի խոսքն այն մասին, որ պատերազմը հաղթում են մանկավարժներն ու վարժապետները։ «Որ երկրում կա լավ դասատու, կա լավ դասախոս, այդ երկիրը հաղթող երկիր է։ Մեզ վրա ևս դրված է նման խնդիր, որ վաղն ունենանք հետաքրքիր, մտածող քաղաքացի ու ճիշտ որոշումներ կայացնող հասարակություն»,-ընդգծեց Գասպարյանը։
Գասպարյանը հիշեցրեց, որ երրորդ տարին է՝ թատրոնում նախատեսում են վերանորոգման աշխատանքներ իրականացնել, բայց չեն սկսում, ինչը հոգեբանական ճնշում է։ Ըստ նրա՝ հնարավոր չէ հեռանկարային ծրագրեր կազմել նման պայմաններում։ Գասպարյանը նաև նշեց, որ երեք կամ չորս ամիս թատրոնի աշխատակիցներին աշխատավարձ չի տրվել, սակայն Թորոսյանը կարողացել է վճարել աշխատակիցներին թատրոնի աշխատած գումարից։
Թատրոնի դերասան Արթուր Կարապետյանն էլ ընդգծեց՝ կցանկանան հանդիպել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որոնք կտան սպառիչ պատասխաններ։ «Եթե Թորոսյանը սխալներ է գործել, թող մեզ ասեն, որ նա արել է այս կամ այն սխալները, բերեն հիմնավոր պատճառներ ու ազատեն այդ մարդուն։ Մենք դիմում ենք գրել, ներկայացրել ենք քաղաքապետարան ու խնդրում ենք, որ գան ու մեզ տան հարցերի պատասխաններ, որպեսզի մամուլում և այլ հարթակներում անիմաստ ու ճշմարտությանը չհամապատասխանող լուրեր չտարածվեն։ Ամեն ինչ պետք է լինի պարզ ու թափանցիկ։ Հանդիպմանը պետք է ներկա լինի նաև Էմին Թորոսյանը»,-ասաց դերասանը։
Ասուլիսից ժամեր առաջ Էմին Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետարանից ստացել է որոշումն առ այն, որ 2025 թվականի մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի զեկուցագիրն՝ ուղղված Երևանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ դադարեցվում է նրա գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում: