Տնտեսություն

Ալկոհոլային խմիչք արտադրողները Վրաստանի դեսպանությունից պահանջում են պարզաբանել հայկական բեռնատարների համար ստեղծվող խոչընդոտների պատճառը

4 րոպեի ընթերցում

Ալկոհոլային խմիչք արտադրողները Վրաստանի դեսպանությունից պահանջում են պարզաբանել հայկական բեռնատարների համար ստեղծվող խոչընդոտների պատճառը

Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով, որ վրացական կողմն իր տարածքում խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար, ինչի հետևանքով հայկական բեռնատարները օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում։ 

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակից, Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանն իր խոսքում նշեց, որ ակցիայի նպատակն է վրացական կողմից ստանալ պատասխաններ և պարզաբանումներ՝ կապված Վրաստանի սահմանային անցակետերում հայկական բեռների արգելափակման, ուշացման և ստուգումների ձգձգման հետ։ 

«Մեր խնդիրն այն է, որ Հայաստանի տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի «Գեյզի» անցակետում՝ անալիզներ անցկացնելու պատրվակով, բայց բոլորս գիտենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է հանդիսանում, և այստեղ մենք որևէ անալիզ անցկացնելու իմաստ չենք տեսնում, ուստի փորձում ենք մեր ձայնը հասանելի դարձնել հնարավոր բոլոր ուղղություններով, որպեսզի խնդիրը լուծվի»,-ասաց Գայանե Պողոսյանը։ 

Նա ընդգծեց, որ հավաքի մասնակիցները Վրաստանի դեսպանությունից պահանջում են պարզաբանել, թե ինչի հիման վրա են Ռուսաստան և Բելառուս արտահանվող հայկական ապրանքները պահվում Վրաստանում։ 

«Այս պահին այնտեղ ունենք 17-ից ավելի մեքենա․ կան մեքենաներ, որոնցից վերցրել են նմուշներ անալիզներ անցկացնելու համար, սակայն ունենք նաև մեքենաներ, որոնք բեռնված են գինով, սակայն դրանցից նմուշներ չեն վերցրել»,-շեշտեց Պողոսյանը։ 

Գայանե Պողոսյանի դիտարկմամբ՝ ակցիայի մասնակիցները ցանկանում են հստակ պարզաբանումներ և պատասխաններ ստանալ ստեղծված իրավիճակի շուրջ։ Գայանե Պողոսյանի բնորոշմամբ՝ այս խնդիրը կապված է ոչ միայն Պռոշյանի գործարանի, այլև մի քանի այլ արտադրողների հետ։ 

Նրա խոսքով՝ նման քաղաքականությունը հանգեցնում է մեծ կորուստների ինչպես արտադրողների, այնպես էլ արտահանողների և փոխադրողների համար: 

«Ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակներով դիմել ենք Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը և ստացել ենք պատասխան, որ նախարարությունը զբաղվում է այդ խնդրով»,-հայտնեց Պողոսյանը՝ շեշտելով, որ վրացական կողմը դեռևս ոչ  մի պարզաբանում չի ներկայացրել։  

Պողոսյանը նշեց, որ ակցիայի մասնակիցները պատրաստ են հանդիպել նաև Հայաստանում Վրաստանի դեսպանին՝ իրավիճակը պարզաբանելու համար։  

Խաղաղ ակցիայի ընթացքում ցուցարարներին մոտեցավ դեսպանատան աշխատակիցներից մեկը՝ խնդրելով իրեն տրամադրել այն ընկերությունների ցանկը, որոնց ներկայացուցիչները խոչընդոտների են հանդիպում արտահանման ժամանակ։ Մասնակիցները դեսպանատան աշխատակցին տրամադրեցին մի քանի արտադրող ընկերությունների անուն։ 

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը նշեցին, որ չեն հեռանա դեսպանատան մոտից, քանի դեռ չեն ստացել բոլոր հարցրերի պատասխանները։ 

Այնուհետև ակցիայի մասնակիցները կարճ ժամանակով փակեցին դեպի դեսպանատուն տանող ճանապարհը, ինչից հետո հայտնեցին, որ Վրաստանի դեսպանատնից խոստացել են ընդունել ընկերությունների ներկայացուցիչներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում