Մշակույթ

«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը

4 րոպեի ընթերցում

«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր»  համաեվրոպական միջոցառմանը:

Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրին միացած ՀՀ 100-ից ավելի թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության  հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առաջ՝ մեկ անգամ ևս վերահաստատելով թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերների դիմագրավման և մշակութային ժառանգության պահպանության ձևավորման համատեքստում:   

Այս տարի ևս մայիսի 17-ին ժամը 11:00-24:00-ն թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին: 

Այս տարի Թանգարանների միջազգային օրը կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը՝ ուղենշելով, թե թանգարաններն ինչպես կարող են իրենց նպաստը բերել սոցիալ-տեխնոլոգիական և կլիմայական հիմնարար փոփոխությունների ենթարկվող աշխարհին:

Թանգարանները՝ փոփոխության կատալիզատորներ

Թանգարանների միջազգային օրվա 2025 թ. հիմնական ուղերձն է հաստատել թանգարանների դերը ոչ միայն որպես պահպանության տարածքներ, այլև որպես ակտիվ դերակատարներ կայուն և ներառական համայնքների ձևավորման գործում: Այս տարվա խորագիրը բացահայտում է թանգարանների փոփոխվող առաքելությունը Կայուն զարգացման երեք նպատակների (ԿԶՆ) համատեքստում, մասնավորապես.

ԿԶՆ 8. Թանգարաններն աջակցում են տեղական տնտեսություններին՝ ստեղծելով աշխատատեղեր և առաջարկելով կրթական ծրագրեր, որոնք հզորացնում են համայնքը:

ԿԶՆ 9. Խթանելով ստեղծարարությունը և ներառելով նորագույն տեխնոլոգիաները՝ թանգարանները առաջ են մղում նորարարությունը և բարձրացնում հասանելիությունը:

ԿԶՆ 11. Որպես մշակութային հանգույցներ՝ թանգարանները նպաստում են կայուն քաղաքային զարգացմանը՝ խթանելով ներառականությունը, դիմակայունությունը և ժառանգության պահպանությունը:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝՝ Թանգարանների միջազգային խորհրդի ջանքերով (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին: 

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է  2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում