Աշխարհ

Հռոմի Լևոն 14-րդ պապը կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին

2 րոպեի ընթերցում

Հռոմի Լևոն 14-րդ պապը կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Վատիկանի կոնկլավի կողմից մայիսի 8-ին ընտրված Հռոմի Լևոն 14-րդ պապն անցկացրել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսը՝ կոչ անելով ազատ արձակել բանտարկված լրագրողներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։ 

«Թույլ տվեք այսօր կրկնել եկեղեցու համերաշխությունը լրագրողների հետ, որոնք բանտարկված են ճշմարտությունը փնտրելու և հաղորդելու համար, միևնույն ժամանակ խնդրելով նրանց ազատ արձակումը», - ասել է Հռոմի պապը մայիսի 12-ին Վատիկանում կայացած ասուլիսի ժամանակ։

Լևոն 14-րդը, որը նախքան Հռոմի պապ դառնալը շատ ակտիվ էր սոցիալական հարթակներում, նաև լրագրողներին հիշեցրել է իրենց պարտականությունների մասին՝ զգուշացնելով նրանց չօգտագործել իրենց խոսքերն ատելություն սերմանելու համար:

«Խաղաղությունը սկսվում է մեզնից յուրաքանչյուրիցս՝ մյուսներին նայելու, մյուսներին լսելու և մյուսների հետ խոսելու մեր եղանակից։ Այս առումով մեր հաղորդակցվելու եղանակը հիմնարար նշանակություն ունի.... Եկեք հաղորդակցությունից հեռացնենք բոլոր նախապաշարմունքները և վրդովմունքը, ֆանատիզմը և նույնիսկ ատելությունը։ Եկեք այն ազատենք ագրեսիայից», - ասել է նա։

Լևոն 14-րդը շեշտել է պատերազմները լուսաբանող լրագրողների խիզախությունը՝ հավելելով, որ նրանք «պաշտպանում են արժանապատվությունը, արդարությունը և տեղեկացված լինելու մարդկանց իրավունքը», որովհետև միայն «տեղեկացված անհատները կարող են ազատ ընտրություն կատարել»։

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալների՝ 2024 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում ձերբակալված է եղել 550 լրագրող։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում